Ս. թ. նոյեմբերի 20-ից մինչև 24-ը Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում դասախոսություններով հանդես եկավ «Եվրոպական հակառասիստական շարժում» կազմակերպության նախագահ (European Grassroots Antiracist Movement-EGAM), Եվրոպայի Էլի Վիզել ցանցի խորհրդարանականների կազմակերպության համակարգող (Elie Wiesel Network of Parliamentarians of Europe) Բենջամին Աբթանը։ Դասախոսություններին մասնակցեցին ՀՀԻ ցեղասպանագիտության մագիստրոսական ծրագրի առաջին և երկրորդ կուրսի ուսանողները։

Ցեղասպանության սահմանումներ, ցեղասպան գաղափարախոսություն, ժխտում, արդարություն ու փոխհատուցում, զանգվածային սպանությունների կանխարգելում, Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Ռուանդայի ցեղասպանության համեմատություն ու տարբերակում. հենց այս թեմաներն էին առանցքայինն ու  քննարկվողը  հնգօրյա դասախոսությունների ընթացքում։ Թուրքիայի ժխտողական քաղաքականության վերաբերյալ առանձին դասախոսությամբ էլ հանդես եկավ  լրագրող, Ստամբուլի Բիլգի համալսարանի գիտաշխատող Լիլիթ Գասպարյանը: Նա ներկայացրեց Թուրքիայի ժխտողական թեզերի տրանսֆորմացիան 1915 թվականից մինչև մեր օրերը։ 

Յուրաքնաչյուր օր ուսանողների կողմից ներկայացվում էին պրեզենտացիաներով համալրված զեկուցումներ, որից հետո տեղի էր ունենում ակտիվ քննարկում-բանավեճ և մտքերի փոխանակում՝ վերոհիշյալ թեմաների շրջանակներում: Բանախոս Բենջամին Աբթանն էլ ուսանողների հետ կիսվեց իր փորձով ու գիտելիքներով։

Նշենք նաև, որ սեմինարի առաջին օրը՝ մինչև նիստերի սկսվելը, Բենջամին Աբթանը հյուրընկալվեց ԵՊՀ ՀՀԻ փոխտնորեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանի մոտ: Վերջինս ծանոթացրեց նրան ինստիտուտի կառուցվածքին, ծավալած գործունեությանն ու արտերկյա համապատասխան հաստատությունների հետ գործակցության եզրերին: