Նորություններ
Տպել

 

 2017 թվականի հունիսի 26-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայագետ, թարգմանիչ Դորա Սաքայանի «Նրանց քշում են անապատները…» գրքի շնորհանդեսը: Գիրքը 2016 թվականին Ցյուրիխի «Լիմաթ» հրատարակչության կողմից լույս տեսած գերմաներեն բնագրի հայերեն տարբերակն է: Դրա հիմքում ընկած են Դորա Սաքայանի կողմից շվեյցարական արխիվներից հավաքված Հայոց ցեղասպանության ականատեսների` շվեյցարացի ամուսիններ Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթիների օրագրությունները։ Գիրքը բաղկացած է երեք գլխից. առաջին երկուսը նվիրված են շվեյցարացի զույգին, իսկ երրորդը` նրանց օգնությամբ սպանդից մազապուրծ եղած Հայկ Արամյանին։ Գրքի շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, ԵՊՀ ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ և այլք: Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նշեց, որ վերջին տարիներին hամալսարանի համագործակցությունը Դորա Սաքայանի հետ շատ ավելի արդյունավետ ու ինտենսիվ է դարձել, որովհետև տարիներն անցնում են, իսկ նա երիտասարդական ավյունով նոր աշխատություններ է հրապարակում, և այդ գրքերի մի մասը վերաբերում են ցեղասպանության խնդրին: «Տիկին Սաքայանը համալսարանական այն քիչ աշխատակիցներից մեկն է, ով շարունակում է ամուր կապեր պահպանել Մայր բուհի հետ: Նրա հետ համագործակցությունը տալիս է առատ պտուղներ, և այդ պտուղներից մեկն էլ «Նրանց քշում են անապատները…» գիրքն է», - նշեց Ա. Սիմոնյանը: Այնուհետև ելույթ ունեցավ գրքի խմբագիր Մերի Հովհաննիսյանը, ով հանգամանորեն ներկայացրեց գրքի կառուցվածքն ու բովանդակությունը: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը ողջունեց ներկաներին և նշեց, որ  Գերմանիայում Հայոց ցեղասպանության թեման այսօր դարձել է հանրության լայն շերտերի քննարկման և իրազեկման նյութ. «Ցեղասպանության հետազոտությունների մեջ շատ կարևոր տեղ են զբաղեցնում ականատեսների վկայությունները: Դրանք մեզ ավելի ու ավելի ցայտուն կերպով են ներկայացնում այն տառապանքը, որը կրել է հայ ժողովուրդը 1915 թ.-ին և դրանից հետո: Այսպիսի հրատարակությունները ևս մեկ քայլ են օժանդակելու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շատ բան իմանալ և զբաղվել Հայոց ցեղասպանության հարցով»: Դորա Սաքայանը, իր հերթին նշեց, որ Շվեյցարիայում այս աշխատության բնագիր տարբերակը լայն տարածում է գտել. այն ստացել 8 դրական գրախոսական 4 ամսվա ընթացքում: «Այսպիսի գնահատանք չեմ տեսել ոչ մի գրքի հանդեպ», - նշում է Դ. Սաքայանը:  Նա ողջունելի համարեց նաև գրքի հայերեն տարբերակի կայծակնային արագությամբ պատրաստումն ու տպագրումը, ինչի համար շնորհակալ է ԵՊՀ հրատարակչության աշխատախմբին: Նա այն կարծիքին է, որ գիրքը ոչ միայն ցեղասպանության ու տառապանքի մասին է, այլ նաև բարեգթության և անձնանվիրության: Շնորհանդեսի ավարտին տիկին Սաքայանը խոստացավ, որ հաջորդ գիրքը երկար սպասեցնել չի տա:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am