Նորություններ
Տպել

 

Մայիսի 19-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 191 բանաձևը:

The «Armenian Weekly»-ի փոխանցմամբ, Տեխասը դարձավ Միացյալ Նահանգների 46-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը իր հարգանքի խոսքն է հղել Տեխասի Ներկայացուցիչների պալատին՝ պատմության ճիշտ կողմում կանգնելու, Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհի հիշատակը հարգելու  համար ՝  չնայած թուրքական ընդդիմությանը:  

Նորա Հովսեփյանի խոսքով` այս անհավանական հաղթանակը հնարավոր է դարձել Տեխասի հայ համայնքի ակտիվ և միասնական ջանքերի, ինչպես նաև նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Սքոթ Սենֆորդի անդրդվելի ղեկավարության շնորհիվ: 191 բանաձևը Ներկայացուցիչների պալատի քննարկմանը Սենֆորդը  ներկայացրել է հունվարի 26-ին, որին հաջորդել են Միջազգային առևտրի և միջկառավարական հարցերով հանձնաժողովի լսումները ապրիլի 24-ին:

Դեռևս 2015 թ.-ին նահանգը մերժել էր մի շարք հակահայկական բանաձևեր, հետագայում ընդունել 1541 բանաձևը, որով աջակցություն  էր հայտնում Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած շուրջ 132 000 հայ երեխայի:

191 բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Առաջին աշխարհամարտի ընթացքում քանդվող Օսմանյան կայսրությունն սկսեց հայ բնակչության ոչնչացման համակարգային արշավը, որն այդ ժամանակ կազմում էր ավելի քան երկու միլիոն: Շուրջ 1.5 միլիոն հայ ոչնչացվեց, և այսօր Հայաստանում՝ հայերի հայրենիքի շուրջ 10 տոկոս տարածքում բնակվում է 3 միլիոն հայ, մինչդեռ հայոց Սփյուռքը հաշվվում է 8-10 միլիոն»:

Տեխասի բանաձևը հետևել է Վայոմինգ նահանգի կառավարության ընդունած որոշմանը, որով այն ապրիլին ճանաչել և դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, լրացել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի անդամ 19 նահանգների ցանկը, որոնք բոլորն էլ ճանաչել են Ցեղասպանությունը: Այդ նահանգներն են՝ Ալյասկան, Արիզոնան, Կալիֆոռնիան, Կոլորադոն, Հավայները, Այդահոն, Կանզասը, Մոնտանան, Նեբրասկան, Նևադան, Նյու Մեխիկոն, Հյուսիսային Դակոտան, Օկլահոման, Օրեգոնը, Հարավային Դակոտան, Տեխասը, Յուտան, Վաշինգտոնը և Վայոմինգը:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am