Նորություններ
Տպել

  2015 թ. հոկտեմբերի 15-16-ը Երևանի պետական համալսարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված  «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովում քննարկվեցին հետևյալ հիմնախնդիրները՝

- Հայոց ցեղասպանություն. պատմություն, տեսություն, հիշողություն, աշխարհաքաղաքականություն,

- Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները,

- Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ և արվեստում,

- Մշակութային ցեղասպանություն`  «Սպիտակ Եղեռն»:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերենը, ռուսերենը, անգլերենը:

 «Տեսություն, Հիշողություն» նիստին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հանդես եկավ Արևմտյան Հայաստանի հիշողությունը՝ որպես հայկական քաղաքական այլախոհության մեկնաբանություն ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումներում զեկույցով: Զեկուցողը խոսեց ՀՀ ԿԿ առաջին խարտուղար Խանջյանի սպանության մասին: Նա նկատեց, որ Խանջյանն անձնասպան չի եղել, այլ սպանվել է, որովհետև, ըստ Բերիայի՝ նա կապեր է ունեցել արտասահմանի ազգայնականների հետ և ազգայնական էր: Խառատյանն անդրադարձավ Բերիայի բռնադատություններին՝ հիշատակելով «Փոշիացնել սոցիալիզմի թշնամիներին» կարգախոսը, ինչի հետևանքով հարյուրավոր հայեր ձերբակալվեցին, աքսորվեցին և սպանվեցին:  Հաջորդ զեկուցող Հայկ Սահակյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հավաքական հիշողության ուսումնասիրության ընկերաբանական մեթոդի և չափման հիմնահարցերի մասին իր զեկույցը: Նշանավոր հայագետ և ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանն էլ խոսեց ինքնապաշտպանական հերոսամարտերի ժամանակ Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների վկայությունների մասին: Նա թվարկեց Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի այն շրջանները, որտեղ կատարվել են կազմակերպված ինքնապաշտպանություններ: Վանի ինքնապաշտպանությունը կարևորեց իբրև հույժ կազմակերպված ձեռնարկություն: Լուսարձակի տակ բերվեց Կիլիկիայի հայության դերը օսմանյան կայսրությունում. ըստ զեկուցողի կիլիկեցիները կարող էին վտանգավոր դեր ունենալ, եթե խաղաղ պայմաններ վայելեր կայսրությունը, հետևաբար նրանց ճակատագիրը կանխատեսվածի նման աղետալի եղավ: Զեկուցումներ եղան նաև Հայոց ցեղասպանության տրավմատիկ հիշողության  հետ կապված խնդիրների շուրջ: Քննարվեց ցեղասպանության հուշահամալիրի, անմոռուկի և ցեղասպանության նվիրված արձանների հոգեբանական և տեսողական  ազդեցությունը ազգային գիտակցության վրա: Համեմատություն կատարվեց ստալինյան ու 1915-ի աղետալի էջերի միջև: 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am