Նորություններ
Տպել

  2015 թ. հոտկեմբերի 15-16-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում խորագրով միջազգային գիտաժողովը: Քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերի, վավերագրերի, իրավական և պատմական  մի շարք խնդրիների քննարկման, ցեղասպանությունների հետևանքների վերացման, հատուցման իրավաքաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնումն էր: Երկօրյա գիտաժողովի  զեկուցումների թեման վերաբերում էր Հայոց ցեղասպանության պատմագրության, Հայկական հարցի աշխարհաքաղաքականության, մշակութային ցեղասպանության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության արտացոլումն արվեստում, գրականության մեջ, Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:

ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի և նախագահության նիստերի դահլիճներում երկօրյա  գիտաժողովում ներկայացվեց «Հայկական հարց. Աշխարհաքաղաքականություն» և «Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները» ենթախորագրերով զեկուցումների շարքը: Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից պատմաբաններ և ցեղասպանագետներ  ներկայացրեցին Հայկական հարցը տարբեր իրավական և սոցիալ-քաղաքական ասպեկտներում: 

Գիտաժողովին ԱՄՆ-ի մասնակից Մարի Ռոզ Աբուսեֆյանը՝ լինելով  Հայոց ցեղասպանություն վերապրածների հետնորդներից, ներկայացրեց «Գերմանիո պատասխանատվութիւնը Հայոց ցեղասպանութեան մեջ» թեմայով զեկույց:  Աբուսեֆյանը իր աշխատությունում խոսեց Գերմանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերի մասին, որոնք վերաբերվում են Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի մասնակցությանը: Տվյալ աշխատության նպատակ է պարզել Հայոց ցեղասպանության իրական պատճառները և բացահայտել Գերմանիայի պատասխանատվությունը հայերի ցեղասպանության հարցում: Ըստ նրա՝ Գերմանիան՝ որպես ականատես, մասնակից և քողարկող, ևս պարտավոր է պատասխանատվության ենթարկվել: 

Ռուսաստանի ներկայացուցիչ Լյովա Մուսայելյանը իր զեկույցում անդրադառնում է Հայկական հարցի «լուծման» աշխարհաքաղաքական գործոններին: Նա զեկույցում խոսում է մի շարք պատմական փաստերի մասին, որոնք վկայում են առ այն, որ թե՛ անցյալում, թե՛ ներկայում աշխարհաքաղաքական շահերը բացասական ազդեցություն են ունենում պատմական արդարության հաղթանակի վրա:

Ֆրանսիացի պատմաբան Հիլտա Չոպոյեանը իր <<Եւրոպական քաղաքականութիւնը և  Հայոց Ցեղասպանութեան Դատի հետապնդման հոլովոյթը ճանաչումէն դէպի հատուցման պահանջատիրութիւն>> զեկուցման մեջ կարևորում է հատկապես մարդկության դեմ իրագործված ոճիրների իրավական ոլորտի քննությունը, իրավական ոլորտի մեջ ձևավորված միջազգային իրավունքով պատասխանատվության և անպատժելիության խնդիրների պարզաբանումը:  Խոսում է հատուցման գաղափարի հետ կապված մի շարք իրավաբանական իմաստային շերտերի մասին: Զեկույցում համեմատական է տարվում հրեական Հոլոքոստի ճանաչման և հատուցման գորընթացի հետ: 

Գիտաժողովին ներկայացվեցին «Հայոց ցեղասպանության զոհերի թիվը նվազեցնելու որոշ նոր միտումների մասին», «Հայկական հարցը գերմանա-թուրքական արտաքին քաղաքականության համատեքստում 1896թ.», «Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը 1960-ական թվականներին», «Հայկական հարցի «լուծման» աշխարհաքաղաքական գործոնի մասին և այլ թեմաներով զեկուցումներ:

 
 
 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am