Նորություններ
Տպել

 

 Ս.թ. հուլիսի 8-12-ը Երևանում տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) 12-րդ գիտաժողովը: Այս տարի համաժողովը կրում է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը:  Համաժողովին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին, մասնակցում էին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ դոկտոր Դանիել Ֆայրշտեյնը, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Դոնա-Լի Ֆրիզը, ընկերակցության նոր նախագահ Էնդրյու Վուլֆերտը, Ալեք Հինթոնը, ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրից ավելի լավագույն մասնագետներ, հեղինակավոր գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովի հանդիսավոր բացմանը ելույթ ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, հիմնական զեկուցող Վիգեն Սարգսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Մասնակիցները նաև այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, եղևնի տնկեցին Հիշողության պուրակում:  

Հուլիսի 12-ին՝ փակման արարողությանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը, ի նշան երախտագիտության, «Ջեյմս Բրայս» ոսկե մեդալներ հանձնեց Դանիել Ֆեյերստեյնին, Դոննա-Լի Ֆրիզին, Պիտեր Բալաքյանին, Էնդրյու Վուլֆորդին, Ալեքս Հինթոնին, Ռաֆիկի Ուբալդոյին և Սուրեն Մանուկյանին գիտաժողովի կազմակերպման գործում իրենց ունեցած ավանդի համար: Այնուհետև տեղի ունեցավ Հայփոստի կողմից թողարկված, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հուլիսի 8-12-ը հյուրընկալված Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողովին նվիրված բացիկների մարում:

Գիտաժողովի օրերին հնչած ելույթների մի մասը հոդվածի տեսքով կտպագրվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի պաշտոնական հանդեսում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսում»:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am