Նորություններ
Տպել

 
 

  Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում տեղի ունեցող պատարագը իր ձևով բացառիկ էր: Սուրբ աթոռում ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի գլխավորությամբ ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ամեն տարի ապրիլի 12-ը կաթոլիկ եկեղեցին նշում է որպես Աստծո ողորմության կրակի, և այդ օրը դրա հետ մեկտեղ Սուրբ Պետրոս տաճարում հնչող բոլոր աղոթքները ուղղված էին նաև Հայոց ցեղասպանության զոհերի հոգու հանգստությանը:

 Պատարագին ներկա էին Հայաստանի պատվիրակությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հոգևորականներ:

 Պատարագը մատուցում էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս 19-րդի հետ միասին: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մեկ դար առաջ Օսմանյան կայսրության օրոք հայերի, հույների և ասորիների զանգվածային սպանությունները որակեց որպես ցեղասպանություն:

 «Սիրելի՛ հայ եղբայրներ և քույրեր, 100 տարի է անցել ձեր ազգի հանդեպ իրականացված սարսափելի ջարդերից և իրական տառապանքներից, որոնց հետևանքով շատ անմեղ մարդիկ զոհվեցին որպես Քրիստոսի նահատակներ և հետևորդներ։ Անգամ այսօր չկա այնպիսի մի հայ ընտանիք, որն այդ ողբերգության հետևանքով հարազատներ կորցրած չլինի։ Դա իրոք Մեծ Եղեռն էր, ինչպես այն անվանում են հայերը: Ձեր քրիստոնեական ինքնությունը իրոք հնագույն է. այն ծագում է 301թ.-ից։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանն առաջնորդեց վերափոխության և մկրտության։  Դուք առաջինն էիք երկրների մեջ, որոնք դարեր շարունակ ընդունում էին Քրիստոսի Ավետարանը։ Այդ հոգևոր իրադարձությունն անջնջելի նշան դրեց հայ ազգի, նրա մշակույթի և պատմության վրա, որտեղ տառապանքը հատուկ տեղ է զբաղեցնում: Ոչ միայն հայերի և Տիեզերական եկեղեցու, այլ նաև ողջ մարդկային ընտանիքի պատասխանատվությունն է հիշել այն, ինչ տեղի է ունեցել 1915 թ., որպեսզի այդ ողբերգության նախազգուշացումը թույլ չտա կրկնվելու այդ սարսափը, որը վիրավորում է Աստծուն և մարդկային արժանապատվությանը։ Թող այս սգո տարելիցը բոլորի համար համեստ և անկեղծ մտորումների առիթ դառնա: Մեզ՝ քրիստոնյաներիս համար թող սա առաջին հերթին խորին աղոթք լինի»,-ասված է սրբազան քահանայապետի ելույթում:

 Պապը նշեց նաև, որ հայ ժողովրդի տառապանքը ինչ-որ առումով Հիսուսի տառապանքների շարունակություն կարող ենք համարել: Այդ տառապանքի մեջ կա արդեն հարության ծիլը: Ֆրանցիսկոս Պապը իր ելույթում մի քանի անգամ արտասանեց «Genocidio» բառը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը առաջին ամենամեծ ոճրագործությունն է 20-րդ դարում:

 Պատարագի ավարտին ելույթ ունեցան Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

 «Երախտիքիս և գոհունակության խոսքս կհայտնեմ սրբազան քահանայապետին, որ ինձ և իմ ժողովրդին նպաստավոր առիթ ընձեռնեց աղոթակից դառնալու Աստծո տաճարի մեջ Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակի առթիվ:  Ցեղասպանությունը մեզ չկոտրեց, մենք ուժ գտանք՝ մեր հավատքի և հայրենիքի համար ապրելու, գործելու, պայքարելու: Իմացյալ մահով նահատակվելու կամք և քաջություն ունեցանք: Հայոց ցեղասպանությունը  չմոռացվող և անժխտելի իրողություն է պատմության մեջ: Այն հայ ժողովրդին արմատախիլ անելու ծրագրված քաղաքականություն էր: 1915 թ. մեկ ու կես միլիոն հայեր զոհ գնացին Օսմանյան կայսրության կողմից պլանավորված այդ ոճրագործությանը: Մենք ոչ միայն կորցրել ենք 1.5 միլիոն հայերի, այլև հազարավոր եկեղեցիներ, վանքեր, հասարակագիտական և հումանիտար կառույցներ, դարավոր մշակութային և այլ կարևոր արժեքներ: Մենք չենք կարող և իրավունք չունենք մոռանալ 20-րդ դարի այս ոճիրը, որն ուղղված էր մարդկության բնաջնջմանը: Կյանքն  Աստված է բաշխել, և ոչ ոք իրավունք չունի խառնվել Աստծո գործերին՝ բռնությամբ մարդուն զրկելով ապրելու, արարելու իրավունքից: Ես շնորհակալ եմ Սրբազանին և բոլոր ներկաներին, ովքեր հարգել են մեր վիշտը և այսօր այստեղ մասնակցում են սուրբ պատարագին: Աստված Մեզ, Ձեզ և բոլորիս օգնական թող լինի»,-եզրափակեց իր խոսքը Արամ Ա կաթողիկոսը:

 Պատարագը մեկ այլ կարևոր բաղադրիչ էլ ուներ: Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Նշենք նաև, որ մինչ այժմ կաթոլիկ եկեղեցին նման կոչում շնորհել է 35 սրբերի, ովքեր մեծ ներդրում են ունեցել քրիստոնեության պատմության կերտման, քարոզչության, ինչպես նաև գիտական աշխատանքներով հանդես գալու գործում: Տիեզերական եկեղեցու վարդապետ շնորհելու համար ավելի քան 10 տարի 140 կարդինալներ մանրակրկիտ ուսումնասիրել են Նարեկացու աշխատությունները:

 Պատարագի ավարտին հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը հոգեհանգստի հայկական կարգ անցկացրեց: 

 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am