Նորություններ
Տպել

2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”): Հայաստանին միացան և բանաձևը համահեղինակեցին վաթսունչորս պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ:

Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը խրախուսում է նման հանցագործությունների կրկնությունը և լուրջ խոչընդոտ է հանդիսանում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ ժողովուրդների համգործակցության համար և ընդգծում է անպատժելիության դեմ պայքարը՝ որպես կանխարգելման կարևոր գործիք:

Հայաստանի նախաձեռնած բանաձևում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին:
 
Բանաձևում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարևորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
 
Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով ամրապնդել համագործակցությունը գործող մեխանիզմների շրջանակներում, ցեղասպանությունների վերաճելու հավանականություն ունեցող մարդու իրավունքների զանգվածային, լուրջ և պարբերական խախտումները կանխելու նպատակով:
 
Փաստաթուղթն ընդգծում է կրթության կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում և կոչ է անում անդամ երկրների կառավարություններին համապատասխան կրթական ծրագրերի միջոցով նպաստել ցեղասպանությունների իրազեկմանը և դրանց միջոցով կանխարգելմանը:
 
Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր` որպեսզի նման հանցագործությունները երբեք չմոռացվեն և բոլորը հնարավորություն ունենան անցյալի դասերի հիման վրա նպաստել առավել ապահով ապագայի կերտմանը:
 
Բանաձևով Մարդու իրավունքների խորհուրդն առաջարկում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանել ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:
 
Բանաձևի համաձայն՝ նախատեսվում է նաև ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում:
 
Հատկանշական է, որ Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային այս կարևոր բանաձևն ընդունվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:
 
 
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am