Ս.թ. փետրվարի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտում տեղի ունեցավ«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսը: Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց ձեռնարկները. «Ձեռնարկները հրատարակվել են ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում և «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ջանքերով: Այս ձեռնարկները շատ կարևոր են և արդիական, դրանք կարող են բավականին դյուրացնել լրագրողների աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության լուսաբանման գործում, ինչպես նաև օգտակար ուղեցույց կլինեն ուսուցիչների համար: Ուսուցիչներն ու լրագրողները հասարակության երկու ազդեցիկ խմբեր են, որոնք ձևավորում են արժեհամակարգ, սերունդներին գաղափարներ, տեսլականներ են փոխանցում: Հետևաբար, նրանց համար նախատեսված ձեռնարկները կնպաստեն Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ ներկայացմանը մի կողմից` կրտսեր սերնդին, մյուս կողմից` արդեն հասուն քաղաքացիներին: 

Ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկը ներառում է Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու վերաբերյալ գիտական հոդվածներ, ինչպես նաև թեման կրթական հաստատություններում ներկայացնելու մեթոդներ և նրբություններ: Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների և հանրության լայն շրջանների համար: 

Լրագրողների համար նախատեսված ձեռնարկը ներառում է Հայոց ցեղասպանության թեման գրագետ լուսաբանելու վերաբերյալ գիտական հոդվածներ, ինչպես նաև թեման հանրությանը մատուցելու ուղենիշներ և նրբություններ: 

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ