Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ լույս է տեսել «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները»խորագրով աշխատությունը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի  11-ին ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում:

Գրքի հեղինակ ՀՀ ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արմեն Մարուքյանի խոսքով՝ բոլորովին պատահական չէ, որ 2008թ.-ից սկսվեց ուսումնասիրվել Հայոց ցեղասպանության պատմաիրավական հանգամանքները. գիրքը լույս ընծայելու համար ստեղծված էր հիմք: «Մեր տասնամյակների անհամարձակությունը մեր հարևանին դարձրել է սանձարձակ, գոնե տարելիցին ընդառաջ պետք է համարձակ լինել»,- ասաց նա:

Գրքում ներկայացված է Թուրքիային ուղղված հայոց պահանջատիրության իրավական հիմքերը: Եվ ինչպես հեղինակը նկատեց, հայցի պատրաստումը դեռևս չի նշանակում, որ անմիջապես այն պետք է ներկայացնել դատարան. «Մինչև մենք այն իրավական ֆոնը չստեղծենք, շատ վտանգավոր է մտնել դատարան»:

Շնորհանդեսի ժամանակ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նկատեց՝ 1965 թվականից հետո Ցեղասպանության հարցում հայությունը սխալ ուղիով է ընթացել: «Թուրքերը մեզ ներքաշել են անիմաստ ճանաչման պայքարի մեջ: Եթե ներքաշվում ես մի բանավեճի մեջ, փաստորեն հայտնվում ես թուրքերի կողմից լարած այդ թակարդում»:

Պատմաբանը նաև նշեց, որ հայությունն այնքան գաղափարական առումով աճեց վերջին տասնամյակում, որ հավատաց պահանջատիրության գաղափարին: Եվ ովքեր այդ հանգամանքին քմծիծաղով էին վերաբերում, հիմա պետական մակարդակով խոսում են դրան հասնելու անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով գրքի բովանդակությանը՝ Աշոտ Մելքոնյանը կարևորեց, որ հեղինակը ներկայացնում է նաև, թե Ցեղասպանության ինչ նախադեպեր կան միջազգային պրակտիկայում, ինչը հայությանը թույլ կտա պահանջատիրությամբ հանդես գալ:

«Մենք բոլորս սկսել ենք 100-րդ տարելիցին ընդառաջ միավորվել մի գաղափարի շուրջ և դա պետք է կարողանանք պահել նաև այդ տարելիցից հետո»,-ասաց նա:

Իրավական տեսանկյունից աշխատանքը բաղկացած է երկու մասից, և ինչպես իրավաբան Վլադիմիր Վարդանյանը նկատեց, բարձր մակարդակի իրավական հետազոտություն է ներկայացված գրքում: «Այսպիսով, առաջին անգամ թուրքական իրավագիտությունը բախվեց իրավիճակի, որ ուղղակիորեն հանդիպում են դատական ատյանում Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումների հարցում»,- ասաց նա և եզրափակեց խոսքը. «Դատապարտված ենք այս խնդրում ուղղակի հաղթելու»: