Նորություններ
Տպել


  Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում, որն անցկացվում է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 6-ը, կայացել է թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Վերք» (The Cut) ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Գերմանական Deutsche Welle մեդիաընկերության փոխանցմամբ ֆիլմը ընդգրկվել է մրցութային ծրագրում՝ «Ոսկե Առյուծի» հավակնող քսան ֆիլմերի շարքում: «Սպի» ֆիլմը իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրություն է: Ֆիլմի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը, գերմանացի Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Նկարահանումները անցել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում:

 Սցենարը գրել են հենց ռեժիսորը՝ Ֆաթիհ Աքինը և Մարտիկ Մարդինը: Ֆիլմի պաշտոնական համառոտ նկարագրությունում, մասնավորապես, ասված է «1915 թիվ: Մարդին բնակավայրում թուրքական ոստիկանությունը մի գիշերվա ընթացքում ձերբակալում է բոլոր հայ տղամարդկանց, այդ թվում՝ երիտասարդ դարբին Նազարեթ Մանուկյանին: Տարիներ անց, կարողանալով մազապուրծ լինել ցեղասպանության արհավիրքներից, նա իմանում է, որ հնարավոր է՝ իր զույգ դուստրերը դեռ ողջ են: Նազարեթը սկսում է նրանց փնտրտուքը աշխարհով մեկ: Այդ դժվարին ճամփորդությունը նրան Միջագետքի անապատներից հասցնում է Կուբա, այնուհետև՝ Հյուսիսային Դակոտա»:

 Ըստ Ռեժիսորի՝ քիչ հավանական է, որ Թուրքիայում բոլորին դուր գա ֆիլմը, որտեղ կան դաժան տեսարաններ, թե ինչպես են թուրքերը սպանում անօգնական հայերին։ Խիստ կասկածներ կան, որ Անկարան թույլ կտա ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայում։ Նա այս ֆիլմով փորձել է թուրք հանրությանը և առհասարակ այդ ողբերգությանը անծանոթ հասարակությանը ներկայացնել այն, ինչի մասին արգելված է եղել խոսել, պատմել նույնիսկ այսօր: 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am