Նորություններ
Տպել
 

 2014 թ. մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին պետական հանձնաժողովի անդամներից բացի ներկա են եղել տարբեր համայնքներից հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ և հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ:

 Հանձնաժողովի նիստին նախագահը ներկայացրել է երեք տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում իրականացված նախապատրաստական և կազմակերպչական  բոլոր աշխատանքները, առաջիկա ծրագրերը  ինչպես Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: Նախագահը բացման խոսքում նշել է, որ այս համախմբված աշխատանքի նպատակը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: «Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք յուրահատուկ առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում: 100-րդ տարելիցի նախաշեմին  այս ամենը կոչ է բոլոր պետություններին, միջազգային հանրությանը ճանաչելու և դատապարտեու նման աննախադեպ ոճիրը»,- ընդգծել է հանրապետության նախագահը: 

 Նիստի մասնակիցներին ներկայացվել է նաև պետական հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի մշակած Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը՝ Անմոռուկ ծաղիկը: Տարբեր լեզուներով ծաղկի անվանման ստուգաբանությունն արտահայտում է միևնույն իմաստը՝ «ՀԻՇԻՐ»: Դա էլ հենց 100-րդ տարելիցի հիմնական հաղորդագրությունն է: Աշխատանքային խումբը խորհրդանշանի այդպիսի ընտրությունը պայմանավորել է նրանով, որ ծաղկի գունային գամման ասոցացվում է նշվող տարեթվի հայեցակարգի հիմքում ընկած հիմնական մոտիվների հետ, և, ի վերջո, Անմոռուկը միջնադարում համարվել է Աստծո ներկայության խորհրդանշանը: Հնգաթերթ Անմոռուկ ծաղկի պսակաթերթիկները խորհրդանշում են այն հինգ մայրցամաքները, որտեղ հանգրվան են գտել Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիները՝ զրկվելով Հայրենիքում ապրելու հնարավորությունից: Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ՝ մանուշակագույն, բաց մանուշակագույն, դեղին և սև: Դրանցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է որոշակի իմաստ. սև գույնը խորհրդանշում է Եղեռնի սարսափներն ու Ցեղասպանության մասին հիշողությունը: Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը բոլորին հոգեհարազատ գաղափարին համամասնակից լինելն է: Որպես խորհրդանշանի գերակշռող գույն առաջարկվել է մանուշակագույնը: Այն լայնորեն տարածված է հայկական ինքնագիտակցության հիմք հանդիսացող Հայոց եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում: Դեղին գույնով պատկերված է ապրելու և արարելու հույս պարգևող արևի լույսը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող, շրջանաձև դասավորված 12 մույթերի տեսքով: 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am