ՇԱՆԹ Լևոն (Սեղբոսյան Լևոն), (1869,  Կ. Պոլիս-1951,  Բեյրութ) ,   գրող,  հրապարակախոս, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀՀԴ   կուսակցության ()անդամ: Կրթությունը ստացել է Կ. Պոլսի Սկյուտարի, ապա՝  էջմիածնի  Գևորգյան ճեմարաններում: Այնուհետև ուսանել է Ենայի,  Լայպցիգի և Մյունխենի (Գերմանիա) համալսարաններում՝մասնագիտանալով մանկավարժության և հոգեբանության բնագավառում: 1899-ին  վերադարձել է Անդրկովկաս, ուսուցչություն արել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց  և Երևանի թեմական դպրոցներում, մասնակցել գրական-հասարակական  կյանքին: 1910-ական թթ. եղել է եվրոպական մի շարք երկրներում,  կապեր հաստատել հայ հեղափոխական կազմակերպությունների հետ:  1919-ին  Փարիզում մասնակցել է Հայ ազգային համագումարի աշխա-տանքներին:   Հայաստանի Հանրապետության   կառավարության  հրավերով վերադարձել է Երևան,  ընտրվել Հանրապետության  խորհրդարանի  երեք նախագահներից մեկը: 1920-ի ամռանը Հայաստանի կառավարությունը Շանթի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկել Մոսկվա՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարության հետ  պայմանագիր կնքելու (տե՛ս Շանթի առաքելություն)՝ 1920-ի նոյեմբեր,  խորհրդային իշխանության հաստատումից հետո, Շանթը կառավարության մյուս անդամների հետ բանտարկվել է և ազատվել 1921-ի  Փետրվարյան ապստամբության շնորհիվ: Այնուհետև անցել է Պարսկաստան, ապա՝ Եգիպտոս, Ֆրանսիա, որտեղ զբաղվել է գրակական  ու  մանկավարժական գործունեությամբ: 1929-ին տեղափոխվել  է  Բեյրութ  և  ստանձնել  Նշան  Փալանճյան  ճեմարանի տեսչությունը,   որը  վարել է  մինչև կյանքի վերջը: Իր  գրական  և  հասարակական գործունեությամբ  Շանթը սերտորեն կապված  էր հայ  ազատագրական  շարժման  հետ: Դեռևս 1890-ական  թթ. արձակ երկերում նա արձագանքել է հայ ազատագրական շարժմանը, ստեղծել հեղափոխականի  կերպար: «Դուրսեցիներ»  վիպակում  (1895), «Եսիմարդը»  (1904), «ճամբուն վրա» (1909)  դրամաներում արծարծել է հայկական հեղափոխության գաղափարը, կերտել ազգասեր  երիտասարդի կերպարը, որը նահատակության  է  գնում հանուն թուրք,  բռնատիրությունից  հայ  ժողովրդի ազատագրության: Շանթը ոչ մի պատրանք չունեցավ  երիտթուրքերի քաղաքական  ու  ազգային բարեփոխությունների հանդեպ: «Կայսրը»  (1916), «Շղթայվածը» (1921), «Ինկած բերդի իշխանուհին» (1923), «Օշին Պայլ» (1932) պատմական դրամաներում  հայոց  ինքնավարությունը դիտել է որպես ազգային լինելիության հիմնական պայման: 1922-23-ին  հրատարակել է մի շարք հրապարակախոսական աշխատություններ («Ազգությունը հիմք մարդկային ընկերության», «Անհավասարությունը  ընկերային կյանքի մեջ», «Մտավորականություն և կուսակցություն», «Անկախությունը՝պահանջ  ազգային գոյության»),  որոնցում,  քննության առնելով հասարակության  սոցիալական  կառուցվածքի, աշխատանքի ու սեփականության,  դասերի  ու  դասակարգերի,  պետության և իրավունքի,  ժողովուրդների  ու  ազգության վերաբերյալ ժամանակակից  սոցիալիստական  տեսությունները, առաջադրել է իրազգային ծրագիրը: Քաղաքակրթության  խոշորագույն հայտնությունը համարելով  «ազգերու հավասարության,  ազգեր ու ինքնորոշման և ազգերու անկախության դավանանքը»՝ Շանթը հայոց  ազգային գոյության հեռանկարը կապել է այն գիտակցության հետ, «երբ  կապրի հայ հոգիին մեջ իր անկախության համոզումը և երբ մեր  բոլոր  գործերուն ղեկավարը կը դառնա հայ ժողովրդի անշեղ կամքը  իր  անկախության հասնելու» (Երկ., հ. 5, էջ 225):

Շանթի ընկալմամբ անկախության մաքառումը հայկական ոգու հավիտենական ձգտումն է, և այդ տեսակետից  հայ հեղափոխությունը միանգամայն օրինաչափ և անխուսափելի շարժում է: «Գալու են ծանր վայրկյաններ,- գրել է նա,- ուր  խոնարհիլ և լռել  պիտի  ստիպեն մեզի մեր տերերը, գալու են օրեր բողոքի և պահանջի,  կրավորական դիմադրության և ներգործական շարժումներու, և  զենքի, և  արյան, մինչև որ կտոր կտոր փրցնենք մեր իրավունքները և  հասնենք մեր  անկախության» (նույն տեղում, էջ 218):  Ազգային այս ծրագիրը իր  ժամանակի հանգամանքներում Շանթին հանգեցրել է  գործնական մի  անհրաժեշտության, որի նպատակն էր «հայը հայ պահել»,  իսկ միջոցն էր՝  «դպրոց, լեզու, գիր, գաղափարական երիտասարդություն»:

 

                                                                                             Ս. Սարինյան

Գրականության ցանկ

 «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

Զոհրաբյան Է., Նախիջևանյան Հիմնահարցը (1920թ. մայիս-1921թ. հոկտեմբեր), Երևան, 2010թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am