ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ (Տեր-Հակոբյան Հակոբ 1884, գ. Հյուսենիկ (Խարբերդի նահանգում) 1983, Բոստոն, հասարակական-քաղաքական գործիչ, գրող): 1897-1900-ին սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում: 1901-ին վերադարձել է ծննդավայր, զբաղվել մանկավարժությամբ: 1904-ին մեկնել է ԱՄՆ, մտել ՀՀԴ շարքերը: 1909-12-ին սովորել է Բոստոնի համալսարանում, հետևել գրականության ու փիլիսոփայության դասընթացներն: Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատերգություններ, խմբագրել «Շանթ» և «Փյունիկ» գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ «Հայրենիք» օրաթերթը: Եղել է հայերի ցեղասպանության () գլխավոր հանցավորներին ահաբեկող «Հատուկ հանձնաժողովի» անդամ, «Նեմեսիսի» ()կազմակերպիչ: 1927-ի հունվարին հրաժարվել է ՀՀԴ բյուրոյի անդամությունից, երբ ընթացք չի տրվել հակաթուրքական ահաբեկումները շարունակելու իր առաջարկին, իսկ 1929-ին դուրս է եկել ՀՀԴ-ից (1929-ին ՀՀԴ 11-րդ ընդհանուր ժողովը Շահան Նաթալիին հեռացրել է կուսակցության շարքերից): Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայամ, Փարիզում հիմնել «Արևմտահայ ազատագրական ուխտ» կազմակերպությունը, խմբագրել «Ազատամարտ» անկախ շաբաթաթերթը: Ապա վերադարձել է Բոստոն, ուր ապրել է մինչև մահը: Նաթալին գրել է մի շարք պատմագիտական երկեր՝ «Թյուրքիզմը Անգորայեն Բաքու և թրքական օրիենտասիոն» (Աթենք, 1928), «Ալեքսանդրապոլի դաշնագրեն 1930-ի կովկասյան ապստամբությունները» (հ. 1-2, 1934-35), «Թուրքերը և մենք» (Աթենք, 1928), «Վերստին հավելված», «Ալեքսանդրապոլի դաշնագրի «ինչպե՞ս»-ն ու «ինչո՞ւ»-ն» (Բոստոն, 1955), «Երեք դաշնագրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի), բաղդատական զուգակշիռ» (Բեյրութ, 1957) ևն, որոնցում փորձել է հայ ժողովրդի նորագույն պատմության տվյալների հիման վրա հիմնավորել իր քաղաքական հայացքները, համաձայն որոնց հնարավոր չէ թուրքերի հետ համաձայնության հանգել և առավել ևս՝ նրանց հետ դաշնակցելով ընդդիմանալ խորհրդային վարչաձևին:

                                                           

                                                                                                        Ա. Սանջյան

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Շահան Նաթալի, Թուրքերը և մենք, Երևան, 2011թ:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am