ՖՐԱՆՍԻԱՆ և ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ. Ֆրանսիայի քաղաքականությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ և ամբողջությամբ Հայկական հարցում կանխորոշվում էր թուրքական  գործերում ֆրանսիական մոնոպոլիստների և դրամատերերի հատուկ շահագրգռվածությամբ: Օսմանյան  պարտքի մոտ 62 %-ը, կայսրության ծխախոտի ձեռնարկությունների կապիտալի կեսը բաժին էին ընկնում Ֆրանսիային: Այդ պատճառով էլ Ֆրանսիան շահագրգռված չէր Թուրքիայի անդամահատմամբ և թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրմամբ, նրան ավելի ձեռնտու էր Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրության անքակտելի մասի շահագործումը: Հենց տնտեսական շահերով են բացատրվում ֆրանսիական դիվանագիտության այս կամ այն քայլը Հայկական հարցի երևան գալուց ի վեր՝ 1877-78-ի ռուս-թուրքական  պատերազմից  ու Բեռլինի կոնգրեսից մինչև 1923-ի Լոզանի պայմանագրի ստորագրումը: Իր ստորագրությունը դնելով եվրոպական տերությունների 1880-ի սեպտեմբերի  7-ի հեղհեղուկ հավաքական նոտայի տակ, որը Բարձր  դռնից պահանջում էր իրագործել Արևմտյան Հայաստանի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը, Ֆրանսիան շարունակում էր սերտ հարաբերություններ պահպանել սուլթան Աբդուլ Համիդ ll-ի հետ՝ նույնիսկ 1894—96-ի հայկական ջարդերի ժամանակ: Ֆրանսիական հասարակայնությունը, բողոքելով թուրք գազանությունների դեմ, թուրքամետության  համար իր արտաքին գործերի նախարար Գաբրիել Անոտոյին անվանեց «Անոտո փաշա», իսկ Աբդուլ Համիդին տվեց «կարմիր սուլթան» մականունը: Մինչդեռ պաշտոնական Ֆրանսիան լռում էր: Ֆրանսիայի շահերը Թուրքիայում, մասնավորապես Արմտյան Հայաստանում ու Կիլիկիայում, հետապնդում էին նաև քաղաքական ու մշակութային նպատակներ: Ֆրանսիան, որը հանդես էր գալիս որպես Արևելքի բոլոր կաթոլիկների «հովանավոր», իր ազդեցությունը տարածում էր բազմաթիվ դպրոցների և բարեգործական հաստատությունների միջոցով: Թուրքիայի հանդեպ ֆրանսիական կառավարող շրջանների քաղաքականության մեջ որոշակի դեր էր խաղում կրոն գործոնը, ունենալով գերազանցապես մահմեդական  բնակչությամբ գաղութներ, Ֆրանսիան հաճախ էր պաշտպանում սուլթանին, որպես բոլոր մահմեդականների կրոնական ղեկավարի՝ խալիֆի: Սակայն Աբդուլ Համիդ ll-ի տապալումից հետո էլ ֆրանսիական կառավարող շրջանները վարում էին թուրքամետ քաղաքականություն: Ի տարբերություն ֆրանսիական սոցիալիստների ու առաջադեմ այլ ուժերի, որոնք պառլամենտում արդեն երիտթուրքերի օրոք հանդես էին գալիս Կիլիկիայի հայերի 1909-ի ապրիլ-մայիսյան կոտորածների (տե՛ս Սղանայի կոտորած 1909) դատապարտմամբ, պաշտոնական Ֆրանսիան կրկին լռում էր: Նա ակտիվություն չդրսևորեց նաև 1912-14-ին, երբ Հայկական հարցը վերստին եվրոպական դիվանագիտության քննարկման առարկա դարձավ (տե՛ս Հայկական բարենորոգումներ 1912-14). 1914-ի մարտի 9-ին Ֆրանսիան Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր, որով Արևմտյան Հայաստանում երկաթուղու և ճանապարհների կառուցման կոնցեսիաներ էր ստանալու: Եվ չնայած Ֆրանսիան ու Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմում հանդես էին գալիս հակառակորդ դաշինքներում, Ֆրանսիան, փաստորեն, չպատերազմեց Թուրքիայի դեմ, և եթե նա մասնակցեց Օսմանյան կայսրության մեջ մտնող երկրների բաժանմանը, ապա միայն այն պատճառով, որ այդ բաժանումն այլևս անխուսափելի էր դարձել, և Ֆրանսիան, որպես գաղութատեր խոշոր տերություն, չէր կարող իր բաժինը չպահանջել: Մասնավորապես, 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրով Կիլիկիան մտցվեց ֆրանսիական ազդեցության գոտու մեջ պատերազմից հետո ֆրանսիական զորքերը գրավեցին Կիլիկիան: Ֆրանսիացիները ցեղասպանությունից ողջ մնացած հայերին կոչ արեցին վերադառնալ իրենց հայրենի տները: Բայց Ֆրանսիայի նյութական շահերը կրկին վճռորոշ եղան, և ֆրանսիական դիվանագետները միջազգային կոնֆերանսներում սկսեցին անցկացնել իրենց ուրույն գիծը՝ անջատ համաձայնություններ ձեռք բերելով Թուրքիայի հետ: Արդեն 1919-ի դեկտեմբերին (Անգլիայից գաղտնի) Սիրիայի և Կիլիկիայի ֆրանսիայի գերագույն կոմիսար ժորժ Պիկոյի և Մ. Քեմալի բանակցությունների հետևանքով մշակվեց համաձայնագրի նախագիծ, որով Ֆրանսիան Թուրքիային էր վերադարձնում Կիլիկիան և երաշխավորում նրա անբաժանելիությունը (ի հակակշիռ Անգլիայի, Իտալիայի և Հունաստանի): Դաշնակից տերությունների Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920),  որտեղ որոշվում էր Օսմանյան կայսրության մեջ մտնող տարածքների վերջնական բաժանման հարցը, Ֆրանսիայի ներկայացուցիչները ճամարտակում էին հայերի հանդեպ սոսկ «դաշնակիցների բարոյական պատասխանատվության» մասին: Պրեմիեր մինիստր Ա. Սիլյերանն ու արտգործնախարար Բերտելոն ժխտեցին Կիլիկիայի քրիստոնյաներին սպասվող ջարդերի մասին լուրերը: Սակայն Կիլիկիայի հետագա իրադարձությունները հիրավի ողբերգական եղան հայերի համար: Ֆրանսիայի հաջորդ քայլը, ի վնաս Կիլիկիայի հայերի անվտանգության, Անկարայի կառավարության հետ 1920-ի մայիսի 28-ի զինադադարի ստորագրումն էր, որը Ս. Քեմալը գնահատեց որպես ֆրանսիացիների՝ Սղանայի նահանգից հեռանալու պատրաստակամություն: Ֆրանսիայի այդ նոր զիջումը խրախուսեց թուրք ազգայնական ուժերին՝ վերսկսելու թշնամական գործողությունները Կիլիկիայի հայ բնակչության դեմ:

Ամեն գնով Թուրքիայի հետ համաձայնության գալու քաղաքականությունը շարունակվեց նաև 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումից հետո, որի 88-րդ հոդվածով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես անկախ պետություն: Սակայն դեռ թանաքը չչորացած՝ ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչները պահանջեցին Սևրի պայմանագրի՝ որպես «Ֆրանսիայի շահերին խիստ հակասող» փաստաթղթի վերանայում: Հենց ֆրանսիական դիվանագետների գործողությունները հանգեցրին նրան, որ Փարիզի դաշնակցային կոնֆերանսում (1921) որոշում ընդունվեց Սևրի պայմանագրի մասնակի փոփոխման և այդ կապակցությամբ միջազգային  նոր կոնֆերանս հրավիրելու մասին: 1921-ի Լոնդոնի կոնֆերանսում հայ ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը դիմեց Ֆրանսիայի ներկայացուցին որպես «Կիլիկիայի պաշտոնական հովանավորի»՝ խնդրելով չլքել հայ բնակչությանը և հասնել Կիլիկիայի համար խառը ոստիկանությամբ վարչական  ինքնավարության հաստատման: Ի պատասխան այդ խնդրանքի, Ֆ. Բերտելոն պատասխանեց, որ «Ֆրանսիան վճռել է անել ինչ որ կարող է՝ ապահովելու համար լիակատար երաշխիք հայկական փոքրամասնությանը... Բոլոր դեպքերում Ֆրանսիան կպահի իր պարտավորությունները, ինչպիսին էլ որ լինեն նրա հարաբերությունները Թուրքիայի հետ» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» (1828—1923), էջ 703-704]: Իրականում ֆրանսական դիվանագիտությունն առավելագույն ջանքեր էր գործադրում Անկարայի կառավարության հետ անջատ գործարք կնքելու համար, և 1921-ի մարտի 9-ին նրանց միջև կայացավ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության համաձայնություն: Ֆրանս-թուրքական համաձայնությունը (որը փաստորեն քեմալականների ձեռքն էր տալիս Կիլիկիայի հայության բախտը) մեծ տագնապ առաջ բերեց Կիլիկիայի քրիստոնյա բնակչության մեջ: 1921-ի ապրիլի 5-ին Փարիզ ուղարկվեց Կիլիկիայի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների բողոքի հեռագիրը: Բայց բողոքները չխանգարեցին ֆրանսիական դիվանագիտությանը՝ շարունակելու հետագա բանակցությունները Թուրքիայի հետ, որոնք ավարտվեցին 1921-ի թուրք-ֆրանսիական համաձայնագրի ստորագրմամբ: Քեմալականներն այդ համաձայնագիրը օգտագործեցին Հայկական հարցը Անտանտի տերությունների հետ հետագա քննարկումից հանելու համար, իսկ տերություններն էլ իրենց հերթին սկսեցին ավելի ու ավելի քիչ զբաղվել դրանով: 1922-ի փետրվարին Անգլիայի պրեմիեր մինիստր Ջ. Քերզոնին ուղղված նամակում ֆրանսիայի պրեմիեր մինիստր Պուանկարեն գրում էր. «Թուրքահայաստանի հարցի վերաբերյալ ես կրկնում եմ, որ դժվար է պահպանել Սևրի պայմանները, բայց գտնում եմ, որ հայկական հարցի լուծումը չպետք է որոնել Կիլիկիայում, որտեղ, եթե կարելի է այդպես արտահատվել, այլևս հայ չկա» ("Documents on British Foreign Policy 1919-1939", v. XV. p. 601, 1970): Այդպիսով, փաստորեն, ստեղծելով այնպիսի իրադրություն, որ հայերը ստիպված տարագրվեն այդ երկրներ, Ֆրանսիան իր պրեմիեր մինիստրի բերանով հայտարարում էր, թե Կիլիկիայում չի գտնվի անկյուն հայերի համար: Հայկական հարցում ֆրանսիական կառավարության երեսպաշտ քաղաքականությունն իր արտացոլումը գտավ նաև 1922—23-ի Լոգանի կոնֆերանսում, որն ավարտվեց մի պայմանագրի ստորագրմամբ, որտեղ հիշատակություն անգամ չկար Հայաստանի մասին:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

Մարուքյան Ա., Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները, Երևան, 2014: 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am