ՖԻԴԱՅԻՆԵՐ (արաբ. զոհեր, հանուն գաղափարի նահատակվող մարդ), 19-րդ դարի վերջին քառորդին և 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրքական տիրապետության, թուրք-քրդական հարստահարողների դեմ պայքարող հայ ժողովրդական մարտիկներ: Ֆիդայիների ազգային-ազատագրական, հակաֆեոդալական և դեմոկրատական շարժումն իր բնույթով գրեթե համապատասխանում էր 15-19-րդ դարերում թուրքական նվաճողների դեմ բալկանյան ժողովուրդների հայդուկային պայքարին: Ֆիդայական շարժումը, սկզբնապես լինելով ընդվզում հարստահարիչների դեմ, աստիճանաբար վերածվել է թուրքական կառավարության հայահալած քաղաքականության և քաղաքական ճնշման ու թուրքական լծի դեմ ազգային-ազատագրական պայքարի :

Ֆիդայիները գործել են որոշակի սկզբունքներով, որոնք հետագայում ամփոփել և ամբողջացրել է Անդրանիկն իր «Մարտական հրահանգներում»: Ֆիդայիները երդվում էին իրենց կյանքը զոհել հայրենիքի և ժողովրդի համար, լինել գաղտնապահ, ճշտախոս, բարոյապես բարձր, կրակել անվրեպ, մաքուր պահել զենքը, չհայհոյել, ոգելից խմիչք չօգտագործել, բավարարվել համեստ սննդով, չվիրավորել միմյանց, հարգանքով վերաբերվել աշխատավոր ժողովրդին՝  անկախ ազգությունից, մարտում լինել խիզախ, հնարամիտ և հաղթել թշնամուն, եթե անգամ նա թվական գերակշռություն ունենա: Որպես ժողովրդի ազատագրության գործին ամեն պահի իրենց զոհելու խորհրդանշան՝ ֆիդայիներն  իրենց մոտ միշտ պահել են պատաններ:

Ֆիդայիների առաջին խմբերը Մուշում և Սասունում  գլխավորել են Արաբոն և Մխո Շահենը, Վասպուրականում՝ Կաճեթ գյուղի բնակիչներ Չաթոն և Շերոն: Արաբոյի խմբում կռվել են Ալիզռնանցի Լևոնը, մըկթենքցի Գևորգ Չավուշը  գոմերցի Հովիկը, բերդակցի Ներսոն և ուրիշներ: 1880-ական թթ. վերջին և 1890-ական թթ. սկզբին Երզնկայում և Սեբաստիայում գործել են Հովհաննես Մինասյանի (տես՛ Մինաս օղլու խումբ), Թորոս Ծառուկյանի (Մեծ Չելլո), Հալեպում՝ Միրիջանի խմբերը: Նրանց շարժմանը ուղղություն էին տալիս Դերեվանքի վանահայր Դանիել վարդապետը և Ժիրայրը  (Մարտիրոս Պոյաճյան): Ֆիդայական խմբերը հաճախակի համախմբվել են Արևելյան Հայաստանից, Ռուսաստանի հայաբնակ վայրերից Արևմտյան Հայաստան անցած հայ երիտասարդներով:

1890-ական թթ. ձևավորվել են Բիթլիսցի Մուշեղի, Աղբյուր Սերոբի, Անդրանիկի, Սպաղանաց Մակարի խմբերը: Հրայրը ձգտել է խմբակային անջատ ելույթները միավորել ժողովրդական համընդհանուր ապստամբության մեջ  և, դաշնակցելով քրդերի հետ, պայքարի ելնել թուրքական լծի դեմ:

1908թ.-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո ֆիդայիներին ներում է շնորհվելև նրանց մեծ մասը իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին ֆիդայիների զգալի մասը մտել է հայկական կամավորական ջոկատների մեջ (տես՛ Հայկական կամավորական շարժում (1914-1918)), իսկ եղեռնի օրերին մասնակցել են հայերի ինքնապաշտպանական կռիվներին:

Հայ ժողովուրդը փառաբանել է ֆիդայիների հերոսությունը, երգեր հյուսել նրանց մասին: Ֆիդայիներին բանաստեղծություններ են ձոնել Դ. ՎարուժանըՀ. ԹումանյանըԱ. Իսահակյանը և ուրիշներ, իսկ Խ. Դաշտենցը «Ռանչպարների կանչը» վեպում կերտել է հայտնի ֆիդայիների կերպարները: Ֆիդայիների պատկերներ են կերտել նաև հայ նկարիչներն ու քանդակագործները:

Ֆիդայիների շարժումը, որը ղեկավարում էին հայ քաղաքական կուսակցությունները, թեև անհեռանկար էր, այնուամենայնիվ, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի փայլուն էջերից է:

 

 

Գրականության ցանկ

 

Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1890թթ., Ներսիսյան Մ., Երևան, 2002թ.:

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am