Խանասորի Վարդան կամ պարզապես Վարդան (իրական անուն-ազգանուն՝ Սարգիս Մեհրաբյան, 1870- 1943), հայ քաղաքական, ռազմական գործիչ։ Ծնվել է 1870 թ. Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թ. Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին: 1895 թ. մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից անցնում է Վան: 1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1898 թ. որպես Շատախի ներկայացուցիչ մասնակցում է Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովին: Ժողովը Վարդանին Աղբյուր Սերոբի /Սերոբ Վարդանյան/, Սևքարեցի Սաքոյի /Սարգիս Ծովիանյան/ և Գուրգենի /Բաղդասար Մալյան/ հետ ընտրում է որպես Բարձրավանդակի /Սասուն/ Պատասխանատու մարմնի անդամ, բայց Վարդանը հրաժարվում է այդ պաշտոնից: 1901-1905 թթ. Վարդանը Բաքվում էր, ուր աշխատում էր Բաքվի նավթահորերի մեջ` առանց մասնակցելու Բաքվի կուսակցական կյանքին: 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հենց Վարդանին է վստահվում Արցախի ինքնապաշտպանությունը։ 1907 թ. մասնակցում է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին: 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրի շրջանի Մաղնիսա գյուղում, ուր մնում է մինչև 1914 թ.։ Մի կերպ փրկվելով թուրք ջարդարարներից` հաստատվում է Բաքվում: 1915 թ. սկզբին անցնում է Թիֆլիս: 1915 թ. սկզբին նշանակվում է Հայկական կամավորական 5-րդ գնդի հրամանատար: 1915 թվականի գարնանը նշանակվել է Արարատյան գնդի /նրա կազմի մեջ էին մտնում Հայկական կամավորական 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդերը/ հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ 1917 թ. դարձյալ հաստատվում է Բաքվում, որտեղ անդամակցում է Բաքու Բաքվի Հայ ազգային խորհրդին: 1918 թվականին Բաքվի Հայ ազգային խորհրդի կողմից Վարդանը ընտրվում է Բաքվի հայ զինվորական գերագույն մարմնի անդամ: Հայաստանի Հանրապետության շրջանում /1918-1920 թթ./ զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ` հեռու մնալով քաղաքական կյանքից:Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում` լինելով օրինապահ քաղաքացի: Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին, Երևանում: Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը: Նրա որդին, որ ամուսնացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի /Սարգիս Հովհաննիսյան/ դստեր հետ, զոհվում է ԽՍՀՄ Հայրենական Մեծ պատերազմում /1941-1945 թթ:

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am