ՈՒՐՖԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915, Ուրֆայի հայերի ինքնապաշտպանական մարտերը սեպտեմբեր-հոկտեմբերին:  Առաջին  համաշխարհային պատերազմի նախօրեին Ուրֆայում բնակվում էր շուրջ  35  հազար  հայ: 1915-ի ամռան կեսին քաղաք են ժամանել  «Թեշքիլաթը  մահսուսեի» անդամներ, երիտթուրքեր Ահմեդ և Խալիլ բեյերը՝  կազմակերպելու Ուրֆայի հայության աքսորը: Ձերբակալելով քաղաքի  երևելիներին՝  բնակիչներից պահանջել են 48 ժամում հանձնել իրենց մոտ  եղած  զենքը: Օգոստոսի 19-ին իշխանությունների սադրանքով  մահմեդական  ամբոխը դաժանորեն կոտորել է հայերին (զոհվել է 300-400 մարդ):  Այս  իրադարձությունները վկայում են, որ պատրաստվում էր դաժան հաշվեհարդար հայերի նկատմամբ: Ուրֆահայերը վճռել են դիմել ինքնապաշտպանության, այն ղեկավարելու համար ստեղծվել է Զինվորական  խորհուրդ, կազմում՝ Մկրտիչ Յոթնեղբայրյան, Հարություն Ռասթկելենյան, Հարություն Իմիրզյան, Լևոն Էղբերլերյան, Արմենակ Աթարյան և Խորեն  Քյուփելյան: Կազմակերպվել է նաև պարենամթերքի հայթայթման և բաշխման ծառայություն, զենքի և զինամթերքի պատրաստման և վերանորոգման  արհեստանոց, բուժօգնություն: Ինքնապաշտպանների թիվը, ըստ մեկ  աղբյուրի, կազմել է 800, իսկ ըստ մեկ այլ  աղբյուրի՝  2000 մարդ, հիմնականում՝  պատանիներ  և աղջիկներ:

Հայերի թաղամասը, որն ուներ բարձր դիրք,  ծածկվել է  բարիկադներով և ամրություններով,  բաժանվել 6 պաշտպանական շրջանների՝ 32 դիրքերով, փակվել են թաղամաս տանող 12  փողոցների  մուտքերը:

Հոկտեմբերի 1-ին հակառակորդը անցել է հարձակման: Կատաղի  կռվից հետո թշնամին, տալով 300 սպանված, նահանջել է: Հաջորդ  հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի լույս 3-ի  գիշերը: Զգալով,  որ հնարավոր չէ դիմագրավել հակառակորդի գերազանց ուժերին,  Զինվորական խորհուրդը վճռել է կեղծ նահանջ կատարել,  թույլ տալ հարձակվողներին մտնել թաղամաս, ապա հարձակվել թիկունքից և ոչնչացնել  նրանց: Մահմեդական խաժամուժը, տեսնելով,  որ հայերը լքել են դիրքերը, ներխուժել է թաղամաս և սկսել թալանը: Օգտվելով հակառակորդի անհոգությունից՝ հայ ինքնապաշտպանները հարձակման  են անցել և ոչնչացրել մոտ 1200 թուրքի: Հոկտեմբերի 6-ին Հալեպից  Ուրֆա է բերվել մոտ 11 հազար զինվոր՝ թնդանոթներով և գնդացիրներով,  թուրքական շտաբի պետը գերմանացի սպա էր: Սկզբում բոլոր գրոհները  ինքնապաշտպանները հերոսաբար հետ են մղել, սակայն հակառակորդը, շնորհիվ հրետանու, աստիճանաբարիր ձեռքն է վերցրել  նախաձեռնությունը: Հերոսամարտի վերջում հայկական թաղամասի 2300  տնից միայն  50 էր կանգուն մնացել: Թուրքական հրամանատարությունն անընդհատ  ուժեղացրել է ճնշումը հայկական դիրքերի վրա, պաշարման օղակը  սեղմվել է աստիճանաբար: Հրետանին քարուքանդ էր արել  հայկական  բոլոր ամրությունները, և Զինվորական խորհուրդը հրամայել է  ամրանալ ամերիկական բարեգործական հաստատություններում, մայր եկեղեցում և  դիմագրավելու հարմար շինություններում: Ի վերջո թուրքերին հաջողվել է  հոկտեմբերի 23-ին ճնշել ընդդիմության հիմնական կետերը, սակայն  ինքնապաշտպանները անձնվիրաբար կռվել են մինչև նոյեմբերի կեսը,  բազմաթիվ հայեր, այդ թվում՝ Մ. Յոթնեղբայրյանը, թշնամու ձեռքը չընկնելու համար ինքնասպանություն են գործել: Մոտ 15 հազար  կին  և երեխա  աքսորվել են: Միայն Հալեպում  սովից և վարակիչ  հիվանդություններից  օրական մահացել են 150-200  տարագիր  հայեր:

Ինքնապաշտպանական մարտերի  ընթացքում թուրքերի կորուստները,  ըստ գերմանական  աղբյուրի, կազմել են 50 սպանված  և 120-130 վիրավոր, ըստ Ջ.  Բրայսի՝ 7 սպա  և  400  զինվորսպանված,  ըստ թուրքական  աղբյուրի՝ 20 սպանված և  50 վիրավոր,  անգլիական հրամանատարությանըներկայացված տվյալներով՝ 3000 սպանված, իսկ հերոսամարտիմասնակից Օ. Թիթոյանի տվյալով՝ 2000 սպանված:

Ուրֆայի հերոսական պաշտպաններին բարձր են գնահատել ժամանակակիցները: Ֆ. Նանսենը գրել է, որ Ուրֆայի հայերը զոհվեցին բազում անգամ թվով գերազանց թշնամու դեմ կատաղի պայքարից հետո, իսկ Անրի Բարբին գրել է. «... Ուրֆայում հայերը մի իսկական կռվի մեջ մտան թուրք  ջարդարարների դեմ և տեղի տվեցին  միայն կառավարության  կողմից  ուղարկված զորքերի բազմաքանակությանը»:

Ուրֆայի հայերի արիությունը ընդունեց նաև թշնամին՝  Ֆահրի փաշան.   «Ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե այս ծանր օրերին, մի քանի Ուրֆաներ մեր դեմ այսպես ծառանային»: Ուրֆայի 25-օրյա հերոսական  ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի ազգային-ազատագրական  պայքարի պատմության փառավոր էջերից է:

Ռ. Օ. Սահակյան

                                  

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.: 

Գահուէճյան Ե.,  Յուշեր  Ուրֆայի 1915թ. հերոսամարտի ու յետագայ իրադարձութիւններու մասին , Երևան,1995թ.:

Պողոսյան Վ., Էջեր հայոց պատմության և պատմագրության, Երևան, 2015թ.:

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am