Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Թուրքական արշավանք Անդրկովկաս (1918թ.)

 Թուրքական արշավանք Անդրկովկաս 1918, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքական կառավարության կազմակերպած ռազմական արշավանքը՝ Անդրկովկասը զավթելու և պանթյուրքական ծրագրերն իրականացնելու նպատակով: 1917-ի հոկտ. Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող ռուսական բանակը վերադարձվեց Ռուսաստան՝ մերկացնելով Կովկասյան ռազմաճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական զորքերը, խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին կնքված Երզնկայի զինադադարը, 1918-ի փետրվարի 10-ին անցան հարձակման: Թուրքական զորքերի դեմ, սկզբում, փաստորեն կանգնած էր 20 հզ. զինվոր ունեցող Հայկական կորպուսը՝ գեն. Թովմաս Նազարբեկովի (Նազարբեկյան) հրամանատարությամբ, որովհետև վրացական ուժերը և Անդրկովկասի մահմեդականների (մուսավաթական) «վայրենի դիվիզիան» տեղավորված էին ռազմաբեմից հեռու տարածքներում: Թուրքական հարձակման հենց սկզբին Կովկասյան բանակի հրամանատար Օդիշելիձեն հրամայեց նահանջել առանց թուրքերի գերազանց ուժերին դիմադրելու: Այդ դավաճանությունը նպաստեց թուրքերի սրընթաց առաջխաղացմանը. նրանք գրավեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը:

Անդրկովկասյան սեյմը դիմեց թուրքական հրամանատարությանը՝ անջատ բանակցություններ սկսելու համար: 1918-ի Տրապիզոնի բանակցությունների ընթացքում սեյմի պատվիրակությունը փորձում էր վերականգնել նա-խապատերազմյան ռուս-թուրքական սահմանը և հասնել «Թուրքահայաստանի» ինքնորոշման: Սակայն, օգտվելով ուժերի գերազանցությունից և հարձակման հաջողությունից (թուրքերը արդեն զավթել էին Արդահանը և մոտեցել Կարսին ու Բաթումին), թուրքական կողմը առաջ քաշեց ծանր պայմաններ: Ապրիլի 22-ին Անդրկովկասը, թուրքերի պահանջով հռչակվեց ֆեդերատիվ անկախ հանրապետություն: Թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ հաղթահարելով ամբողջ Անդրկովկասը պաշտպանող հայկական զորամասերի (որոնք մարտնչելուց զատ ապահովում էին նաև հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը) դիմադրությունը, գրավեցին Կարսը, Արդվինը, Բաթումը և այլ տարածքներ: 1918-ի մայիսի 11-ին Բաթումում վերսկսվեցին Տրապիզոնում ընդհատված բանակցությունները: Անդրկովկասի ներկայացուցիչները պնդեցին, որպեսզի բանակցությունների հիմքում դրվի Բրեստի հաշտությունը, սակայն թուրքական կողմը հայտարարեց, որ Թուրքիան չի ֊կարող բավարարվել այդ հաշտությամբ նախատեսված տարածքներով: Այնուհետև թուրքական զորքերը ներխուժեցին Թիֆլիսի ու Երևանի նահանգների տարածքը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Շարունակելով հարձակումը դեպի Երևան` թուրքական ուժերը Սարդարապատի մոտ հանդիպեցին հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորի դիմադրությանը: Մայիսի 21-29-ին Սարդարապատի ճակատամարտում հայկական զորքերը վճռական հաղթանակ տարան թուրք հրոսակների նկատմամբ: Թուրքերը հայերի համառ դիմադրությանը հանդիպեցին նաև Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում (տե՛ս Բաշ Ապարանի ճակատամարտ 1918, Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918), այդ ճակատամարտերի հետևանքով թուրքերը չկարողացան ներխուժել Արարատյան դաշտ ու Երևան և չկարողացան ցեղասպանություն իրագործել նաև ամբողջ Արևելյան Հայաստանում:

Բաթումում գտնվող հայկական պատվիրակությունը տեղյակ չէր հայկական բանակի հաջողություններին և հուլիսի 4-ին կնքեց իրավիճակին անհամապատասխան պայմանագիր (տե՛ս Բաթումի պայմանագիր 1918): Անհաջողություն կրելով հայերի դեմ ճակատամարտում, թուրքական ուժերը, շրջանցելով Արարատյան դաշտը, ներխուժեցին Արևելյան Անդրկովկաս, արշավեցին Բաքու: Բաքվում հաստատված խորհրդային իշխանությունը՝ Բաքվի կոմունան, ուներ 10 հազարանոց զորք, որից շուրջ 7000-ը հայեր Էին: Չնայած համառ դիմադրությանը, կոմունայի զորքերը չկարողացան պահել Բաքուն, և թուրքական ու մուսավաթական գերակշիռ ուժերը ներխուժեցին (սեպտեմբերի 15) Բաքու, կոտորեցին 30 հզ. հայերի: Թուրքական զորքերի այդ հաջողություններին և գործողություններին նպաստեցին մուսավաթականները, որոնք ամենուրեք ուրախությամբ էին դիմավորում թուրքերին: Խորհրդային Ռուսաստանը, անհանգստանալով թուրքական զորքերի հաջողություններից, սեպտեմբերի 20-ին նոտայով հայտարարեց Բրեստի պայմանագրի՝ Թուրքիային վերաբերող հոդվածների չեղյալ լինելու մասին: Բաքուն գրավելուց հետո թուրքական զորքերը, շարունակելով հարձակումը, նվաճեցին ամբողջ Դաղստանը, սկսեցին սպառնալ Թերեքի Խորհրդային Հանրապետությանը, սակայն խորհրդային զորամասերը ջախջախեցին թուրքերին: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո թուրքական զորքերը հեռացան Անդրկովկասից և Հայաստանի տարածքի զգալի մասից:

Թուրքական արշավանքի հետևանքով առանձնապես տուժեց հայ ազգա-բնակչությունը. նվաճած շրջաններում թուրքերը կոտորում էին հայերին՝ շա-րունակելով երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը:

Ե. Սարգսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Սարգսյան Ե.Ղ, «Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918 թթ»,Ե. 1964:

Սարգսյան Ե. Ղ. Սահակյան Ռ., Գ., «Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ» , Ե., 1963: 

Հարությունյան Ա.Հ., «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները», Ե., 1984:

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am