ՍՈՒԼՈՒԽԻ ԿՌԻՎ 1907, տեղի Է ունեցել մայիսի 27-ին, Սուլուխ գյուղում, Գևորգ Չավուշի ֆիդայիների խմբի և թուրքերի միջև: 1904-ի Սասունի ապստամբությունից հետո ՀՀԴ կուսակցության ղեկավարությունը որոշեց հրաժարվել պայքարի ֆիդայական գործելակերպից՝ որպես անհեռանկար և թուրք, իշխանությունների հակահայկական քաղաքականությունը ուժեղացնելու առիթ ստեղծող: ՀՀԴ Արևելյան բյուրոյի հրահանգով Գևորգ Չավուշը (որը չէր պատկերացնում իր գոյությունն առանց հայդուկային կռիվների) Տարոնից անցնելու էր Կովկաս, սակայն ձգձգում էր իր մեկնումը: Սուլուխ գյուղում (ուր մայիսի 26-ին եկել էր նաև ՀՀԴ Տարոնի լիազոր ներկայացուցիչ Ռուբենը) Գևորգին և իր ֆիդայիներին շրջապատել են թուրքերը, սկսվել է մարտը: Կռվի սկզբին ֆիդայիները հետ են մղել թշնամու հարձակումը, զոհվել է Գալեն, ծանր վիրավորվել Գևորգը: Թուրքերը խուժել են գյուղ, գրավել պաշտպանվողների դիրքերը, սակայն թուրք, զորքի հրամանատար Քեոսե Բինբաշու մահը խուճապի է մատնել նրանց: Գիշերային անսպասելի հարձակումով ֆիդայիները ճեղքել են թշնամու օղակը, դուրս բերել վիրավոր Գևորգին և հեռացել: Աայիսի 28-ին Գևորգը մահացել է, նրան թաղել են Սուշամ: Սուլուխում զոհվեցին 3 ֆիդայի. 18 գյուղացի, 130 թուրք:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց,1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am