Սոսե Մայրիկը (Սոսե Վարդանյան) (1865-1952) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, Աղբյուր Սերոբի կինը: Ծնվել է 1865թ. Սոխորդ գյուղում (Խլաթ գավառ, Տուրուբերան նահանգ, Արևմտյան Հայաստան): 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ։ 1890-ականերին Սերոբը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն Հակոբ զավակի հետ մնում է գյուղում։ 1895թ., երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ ընտանիքներից։  Սակայն, Սոսեն մնացել է ամուսնու հետ։ 1899թ. Սերոբի թաքստոցն էր Գելիեգուզան գյուղը։ Մի դավաճան մատնում է Սերոբին և նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում: Երբ թուրքերը պաշարում են գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ մարտնչում է թշնամու դեմ։  Երբ թուրքական գնդակից զոհվում է Սերոբը` Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտում զոհվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Սոսեն շարունակել է կռիվը։ Անհավասար մարտում թուրքերին հաջողվեց գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը և որպես ավար՝ տանել իրենց հետ։ Գրեթե անկենդան Սոսեին թուրքերը նետեցին Բաղեշի բանտ։ Ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952թ. վախճանվում է։ 1990-ականերին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։ Սոսե Մայրիկի մասին ժողովուրդը երգեր է հյուսել։

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց. 1996թ., Երևան

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am