ՍԵՎԱԿ Ռուբեն (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) 1885, գ. Աիլիվրի, (Կ. Պոլսի մոտ) - 1915, Մեծ եղեռնի զոհ, բանաստեղծ, արձակագիր, բժիշկ: Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1905), Լոգանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911): 1911-14-ին աշխատել է Լոգանի հիվանդանոցներից մեկում: 1915-ին վերադարձել է Կ. Պոլիս, զորակոչվել թուրք, բանակ' որպես բժիշկ, ապա ձերբակալվել է և աքսորի ճանապարհին (Այաշ) գազանաբար սպանվել այն խմբի (մեկնելուց 24 ժ. անց Կ. Պոլսից ստացվել է հիշյալ խմբին ազատ արձակելու վերաբերյալ հեռագիր) հետ, որի մեջ էին Սիամանթոն ու Վարուժանը: 1909-ի Սղանայի ջարդը ցնցել է երիտասարդ բանաստեղծին: 1910-ին լույս է տեսել գրողի կենդանության օրոք հրատարակված միակ ժող.՝ «Կարմիր գիրքը» (պարունակում է երեք պոեմ՝ «Ջարդի խենթը», «Թրքուհին» և «Աստղերգություն»), որն արյունոտ իրադարձությունների անմիջական արձագանքն էր: Բողոքի, ցավի, ընդվզման արտահայտություն է «Վերջին հայերը» շարքը: «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս...». «Հայաստան» բանաստեղծությունների մեջ հայրենիքի ողբերգությունն է, մաքառման ճանապարհը, նզովք անարդար աշխարհին: Սևակի քնարական ստեղծագործություններն աչքի են ընկնում արտահայտչամիջոցների թարմությամբ, խորությամբ, նրբաճաշակությամբ: Գրել է նաև պատմվածքներ, հանրամատչելի զրույցներ ու հոդվածներ ևն:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am