«ՍԵՎ ԽԱՉ», ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպություն: Հիմնվել է Վանում, 1878-79-ին՝ ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու, զենք հայթայթելու և ժողովրդին զինավարժելը ապահովելու նպատակով: Կազմակերպությունն ուներ իր լեգալ և անլեգալ մարմինները, լեգալը Վանում հաստատված կիրակնօրյա լսարաններն ու ակումբներն էին, որպես հռետորներ հռչակվել են Ավետիս Պարթևյանն ու Ս. Փորթուգալյանը, որոնք ձգտում էին ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, բալկանյան ժողովուրդների ա-զատագրական պայքարի օրինակով ցույց տալ ազատագրվելու միակ ճիշտ ուղին: Անլեգալ օրգանը «Զինակիր» ընկերությունն էր, որն զբաղվում էր զենք հայթայթելով (զենքի մեծ մասը գնում էին թուրք, բանակից ու զինվորներից): 1880-ի Վանի սովի ժամանակ կազմակերպվել է զինված հարձակում հացահատիկի կառավարական պահեստների վրա, հափշտակվել դրամ (մեծահարուստներից) կազմակերպության կարիքների համար: 1880, 1881 և 1882-ին «Ա.խ.» նշել է Ազգային սահմանադրության տարեդարձերը: Կազմակերպությանը հովանավորել և սատարել են այն ժամանակ Վանի հոգևոր առաջնորդ Ս. Խրիմյանը, Վանի ռուս, փոխհյուպատոս Կ. Կամսարականը և Վանի Կեդր. վարժարանի տնօրեն Ս. Փորթուգալյանը: 1884-ին Խրիմյանին և Կամսարականին Վանից հեռացնելուց հետո կառավարությունը փակել է նաև Կենդրոնական վարժարանը, ցրել աշակերտներին: Դա առաջ է բերել հայ ժողովրդի հուզումը, որը «Ս.խ.» վերածել է զինված ելույթի: Բանտարկվել են կազմակերպության աչքի ընկնող անդամներ Խ. Աոլախյանն ու Շիրակյանը, աքսորվել Ս. Նաթանյանը, Ք. Փանոս յանը: «Ս. խ.» գոյատևել է մինչև 1880- ական թթ. կեսը:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am