ՍԱԲԱՀԷԴԴԻՆ (Sabaheddin) (1877-1948), թուրք հասարակական-քաղաքական գործիչ: Երիտթուրքական շարժման հիմնադրիներից և ղեկավարներից: Սուլթան Աբդուլ Համիդ ll-ի զարմիկը: Հայրը, որը ծագումով քրիստոնյա էր, «զուլումի» տարիներին փախել է Ֆրանսիա: Ս. դարձել է այդտեղ գործող երիտթուրքերի ղեկավարը: Անգլիասեր էր, հույս ուներ Մեծ Բրիտանիայի օգնությամբ Օսմանյան կայսրությունում իրագործել սոցիալական հեղափոխություն: Օսմանյան կայսրության հետամնացության պատճառ է համարել պետական սեփականության տիրապետությունը և պայքարել է մասնավոր սեփականությունը տարածելու համար: Ազգային հարցում՝ լայն ինքնուրույնություն շնորհելու կողմնակից, ընդհուպ մինչև ազգ. ծայրամասերին ինքնավարություն տալը և իրավահավասար պետ. կազմավորումների կոնֆեդերացիայի ստեղծումը: Սերտ կապեր է ունեցել հայ քաղ. շրջանակների հետ: Սաբահեդդինի ջանքերով հնարավոր է դարձել երիտթուրքերի ժամանակավոր դաշինքը ոչ թուրք, ժողովուրդների հաս-քաղ. կազմակերպությունների հետ: Երիտթուրքական շարժման պառակտումից հետո նրա անդամների մեծ մասը համախմբվել է Սաբահեդդինի շուրջ և ստեղծել «Մասնավոր նախաձեռնության և ապակենտրոնացման ընկերությունը»: Սաբահեդդին պաշտպանել է օտարերկրյա միջամտության անհրաժեշտության գաղափարը: Անգլիացիների օգնությամբ փորձել է դավադրություն կազմակերպել Աբդուլ Համիդ ll-ի դեմ. սակայն մատնվել է անհաջողության: 1908-ի հեղաշրջման հետևանքով, երբ իշխանությունը զավթել են երիտթուրքերի ազգայնական թևի ներկայացուցիչները, Սաբահեդդին փախել է Եվրոպա: 1918-ի վերջին փորձել է վերադառնալ քաղաքական ասպարեզ, սակայն, հաջողություն չունենալով, հաստատվել է Շվեյցարիայում:

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996 թ.,Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am