Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Ռուս-թուրքական համաձայնագիր

 Ռուս-թուրքական համաձայնագիր. 1914թ. հայկական բարենորոգումների վերաբերյալ, ստորագրվել է հունվարի 26 (փետրվարի 8)-ին. Կ. Պոլսում, ռուսական կայսերական հավատարմատար Կ. Գուլկևիչի և թուրքական արտգործնախարար, մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշայի կողմից՝ ավելի քան մեկ տարի տևած բանակցություններից հետո (տե՛ս Հայկական բարենորոգումներ 1912-14):

Համաձայնագրով Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից կազմվում էր 2 հատված [1-ինը ընդգրկում էր էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի (Սվազ), 2-րդը՝ Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի վիլայեթները), որոնց կառավարումը հանձնարարվում էր երկու օտարերկրացի Ընդհանուր տեսուչների. դրանց նշանակում էր Բարձր դուռը՝ մեծ տերությունների հանձնարարությամբ: Ընդհանուր տեսուչների իրավասությանն էր հանձնվում այդ հատվածների վարչության, արդարադատության, ոստիկանության և ժանդարմերիայի վերահսկողությունը, հարկ եղած դեպքում նրանց տրամադրության տակ էին դրվում զինված ուժեր: Ելնելով հանգամանքներից՝ Ընդհանուր տեսուչներն իրավունք ունեին պաշտոնից ազատել անընդունակ կամ վատաբարո պաշտոնյաներին. դատի տալ պատժի ենթակա հանցանքների մեջ մեղադրվողներին, ստորին պաշտոնյաներին փոխարինել նորերով, ինչպես նաև առաջարկություններ անել թուրքական կառավարությանը՝ բարձր պաշտոնյաների նշանակման վերաբերյալ, առանձին դեպքերում անհապաղ պաշտոնից ազատել դատական անփոփոխելի պաշտոնյաներին: Հողային վեճերը պետք է լուծվեին Ընդհանուր տեսուչների անմիջական վերահսկողությամբ: Օրենքները, հրովարտակները և պաշտոնական հաղորդագրությունները յուրաքանչյուր հատվածում հրապարակվելու էին տեղական լեզուներով: Ընդհանուր տեսուչի հայեցողությամբ յուրաքանչյուր կողմ դատարանում և վարչական հիմնարկներում կարող էր օգտվել մայրենի լեզվից: Դատավճիռները կազմելու էին թուրքական և, ըստ հնարավորին, թարգմանվելու կողմերի լեզուներով: Վիլայեթի ժող. կրթության բյուջեում յուրաքանչյուր ցեղային տարրի (անսար) բաժինը պետք է որոշվեր այդ նպատակով նրա վճարած հարկերին համապատասխան: Կենտրոնական կառավարությունը չէր խոչընդոտելու հավատակիցներին համայնքներում հոգալու իրենց դպրոցների ծախսերը: Խաղաղ ժամանակ յուրաքանչյուր օսմ. հպատակ իր զինվորական պարտականությանը կատարելու էր այն զինվորական շրջանում, որտեղ նա բնակվում էր: «Համիդիե» հեծելագնդերը փոխվում էին պահեստի հեծելազորի, նրանց զենքերը պահվելու էին զինապահեստներում: Մինչև երկու հատվածներում եղած տարբեր կրոնների, ազգությունների և լեզուների հարաբերակցությունը վերջնականապես պարզելը (որը տեղի էր ունենալու մարդահամարի միջոցով' Ընդհանուր տեսուչների հսկողությամբ) Վանի և Բիթլիսի վիլայեթներում Ընդհանուր խորհուրդների (մեջլիսում) և Կոմիտեների (էնջումեն) անդամներն ընտրվելու էին հավասար թվով՝ մահմեդականներից և ոչ մահմեդականներից: Էրզրումի վիլայեթում (եթե մեկ տարվա ընթացքում մարդահամար տեղի չունենար) Ընդհանուր խորհրդի անդամները պետք է ընտրվեին հավասարության նույն սկզբունքով: Սվազի, Խարբերդի և Դիարբեքիրի Ընդհանուր խորհուրդների անդամները սկզբից ևեթ ընտրվելու էին համեմատական սկզբունքով և այլն: Բոլոր վիլայեթներում, որտեղ Ընդհանուր խորհուրդները կընտրվեին համեմատական սկզբունքով, փոքրամասնությունը Կոմիտեներում կունենար իր ներկայացուցչությունը: Վարչական մարմիններում անդամներն ընտրվելու էին կես առ կես՝ մահմեդականներից և ոչ մահմեդականներից: Եթե Ընդհանուր տեսուչները հարմար նկատեին, հավասարության սկզբունքը կկիրառվեր նաև երկու հատվածների ոստիկանության ու ժանդարմերիայի հավաքագրման ժամանակ: Հավասարության սկզբունքը պետք է գործադրվեր նաև երկու հատվածների մյուս պաշտոնների բաշխման դեպքում:

Ընդհանուր առմամբ, Ռուս-թուրքական համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում, առաջին անգամ Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, որը միջազգային իրավունքի առարկա էր դարձել դեռևս 1878-ի Բեռլինի կոնգրեսում, (դաշնագրի 61-րդ հոդվածով), կոնկրետ արտահայտություն էր գտնում միջպետական պայմանագրի մեջ: Հայկական վիլայեթների կառավարումը դրվում էր օտարերկրացիների (որոնք նաև բարձրագույն կառավարիչներ էին տվյալ վիլայեթներում) վերահսկողության տակ: Ընդգծվում էր Ռուսաստանի առաջատար դերը Հայկական հարցում (դրանով թերևս հաստատելով Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը), ինչը նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրքական  լծից Արևմտյան Հայաստանի ազատագրման համար:

Համաձայնագիրը արևմտահայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որ նրանք ակնկալում էին: Այն նույնիսկ մի քայլ հետ էր քննարկման ներկայացված նախագծից, որը նախատեսում էր հայկական միասնական մեկ նահանգի ստեղծում վեց վիլայեթներից (դրանք բաժանվում էին 2 մասի՝ իրենց մեջ ներառնելով նաև զուտ մահմեդականներով բնակեցված շրջաններ, ինչպես նաև Տրապիգոնի վիլայեթն ամբողջությամբ), եվրոպական տերությունների վերահսկողություն բարենորոգումների կատարման նկատմամբ, կես առ կես՝ քրիստոնյաներից ու մահմեդականներից ընտրված մի նահանգային ժողովի գումարում, հայերից խլված հողերի հետ վերադարձնելը կամ դրանց հատուցում, մուհաջիրների (Բալկաններից գաղթած մահմեդականներ) վերաբնակեցման արգելում Արևմտյան Հայաստանում. բարենորոգումների տարածումը նաև հայաբնակ այլ վայրերի, մասնավորապես՝ Կիլիկիայի վրա և այլն:

Հետագայում թուրքական կառավարությունը մշակեց և Կ. Պոլիս ժամանած Ընդհանուր տեսուչներ Հոֆին (Նորվեգիա) և Վեստենենկին (Հոլանդիա) հանձնեց նրանց իրավասությանը վերաբերող «հրահանգ», որն էլ ավելի էր սահմանափակում տեսուչների իրավունքները՝ նրանց փաստորեն վերածելով թուրքական պաշտոնյաների: Այդ պակասավոր բարենորոգումների ծրագիրը նույնպես մնաց թղթի վրա, քանի որ աոաջին համաշխ. պատերազմը սկսվելուն պես Թուրքիան չեղյալ համարեց Ռուս-թուրքական համաձայնագիրը, իսկ նշանակված Ընդհանուր տեսուչներն այդպես էլ չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը:

Ջ. Թորոսյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

Լեո, «Հայոց հարցի վավերագրերը», Թ., 1915. էջ 339-357: 

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքակա-նության փաստաթղթերում (1820-1923). Ե.. 1972, էջ 149-365: 

,,Сборник дипломатических документов՛՛. Реформы в Армении 26 ноября 1912 года- 10 мая 1914 года. П., 1915, с. 158-180. 

Mendels t a m A, Le sort de Լ 'Empire Ottoman, Lausanne- P , 1917, p 236-242

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am