ՊԱՏԿԱՆՅԱՆ Ռափայել, Գամառ - Քաթիպա (1830 թ., Նոր Նախիջևան- 1892 թ., Նոր Նախիջևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Սկզբնական կրթությունը ստացել է հոր՝ մանկավարժ և բանաստեղծ Գաբրիել Պատկանյանի երկլեզվյան ղպրոցում, ապա սովորել Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1843-49 թթ.), Դորպատի և Պետերբուրգի համալսարաններում: Արդեն առաջին ստեղծագործություններում՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Զայրմայր նահապետի մահը» պոեմներում, «Առավոտյան երգ շինականաց», «Երեկոյան երգ շինականաց» բանաստեղծություններում արծարծել է հայրենիքի, ազգի, ազգային ինքնագիտակցության գաղափարները: 1852 թ. Մոսկվայում Պատկանյանը ստեղծել է Գամառ - Քաթիպա ընկերությունը (հրատարակում էր պարբերական)՝ ազգը հայրենասիրական գաղափարներով կրթելու, համազգային խնդիրների շուրջ համախմբելու նպատակով: 1854 թ. Պատկանյանը տեղափոխվել է Պետերբուրգ՝ հրատարակելու «Գամառ - Քաթիպայի արձակ և չափաբերական տետրակները»: Հայկական շրջաններում տարածել է իր տեսակետները ազգի վիճակի մասին՝ հանգեցնելով դրանք դարավոր լծից զենքի ուժով և արյան գնով ազատության հասնելու գաղափարինԱրաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը»): 1857 թ. մտել է Պետերբուրգի հայ մտավորականության ստեղծած «Երիտասարդ Հայաստան» խմբակցության մեջ, որի հետ կապել է ազգը համախմբելու, հայրենասիրական զգացմունքներ դաստիարակելու և զինված ապստամբությամբ ազատ Հայաստան ստեղծելու իր գաղափարները: 1857- 1862 թթ. Պատկանյանը գրել է Պետրոս Մեծին, Մարտին Լյութերին, Նապոլեոն Բոնապարտին նվիրված պատմական ուսումնասիրություններ, «Դե Մրուս», «Քյոր- Օղլի» պոեմները, որոնցում մարմնավորել է անկախության համար պայքարող մարտիկներին՝ կամենալով նրանց օրինակով ոգևորել հայ ժողովրդին, «Աղասու մոր երգը», «Իմ սոխակին», «Օտար օրիորդ և հայ պատանի» ծրագրային բանաստեղծությունները: Այդ շրջանում Պատկանյանի խմբագրությամբ Պետերբուրգում հրատարակվել է «Հյուսիս» շաբաթաթերթը, որի էջերում նկարագրվել են Զեյթունի հերոսամարտի բոլոր դրվագները:

1866 թ. Պատկանյանը վերադարձել է Նոր Նախիջևան, ուր ուսումնակրթական աշխատանքներին զուգընթաց շարունակել է ստեղծագործել: 1875 թ. թուրքական բռնատիրության դեմ սլավոնների ապստամբության լուրի տպավորության տակ ստեղծել է «Ազատ երգեր» բանաստեղծությունների շարքը: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը մոտալուտ ազատության գաղափարով ու հույսով էր պարուրել հայ ժողովրդին, և բոլորին խանդավառում էին Պատկանյանի բանաստեղծությունները: 1878 թ. Բեռլինի վեհաժողովից հետո տիրող հիասթափության տարիներին անգամ Պատկանյանը չի հրաժարվել իր գաղափարներից, իսկ 1880-ական թթ. կեսին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող ընդվզումներն ու ցույցերը դարձյալ հույս ու հավատ են ներշնչել նրան: Հրատարակվել և ձեռքից ձեռք են անցել «Զոհեր», «Տաճկահայերի օրհասը», «Երդումը» բանաստեղծությունները, «Վարդապետարան Հայաստանի ազատության» տրակտատը, որոնք համայն հայությանը կոչ էին անում կանգնել հայրենիքի ազատագրության սուրբ դրոշի տակ, առանց վարանելու գնալ դեպի մահ՝ հանուն ազատության:

Մ. Սաղյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am