ՔԵՌԻ (Գավաֆյան Արշակ Գրիգորի) (1858թ., Կարին – 1916թ., Ռևանդուզ, թաղված է Թիֆլիսում), ազգային-ազատագրական շարժման գործիչ. ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Կարինի Արծնյան վարժարանը: Եղել է «Պաշտպան Հայրենյաց» կազմակերպության անդամ: 1889թ-ին գործակցել է Հունոյի հետ (Հարություն Տեր-Մարտիրոսյան): 1890թ-ին մասնակցել է Սարգիս Կուկունյանի արշավանքին: 1895թ-ի Կարինի ջարդերի ժամանակ, ղեկավարել է առաջնորդարանը պաշտպանող զինված խումբը: 1903թ-ին Թորգոմի «Մրրիկ» հեծելախմբի հետ մտել է Սասուն: Մասնակցել է Սասունի 1904թ-ի ապստամբությանը, աչքի ընկել քաջությամբ: 1905թ-ին Վասպուրականից անցել է Կովկաս: Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ եղել է (Անգեղակոթում) Զանգեզուրի ինքնապաշտպանության կազմակերպիչներից: 1908թ-ին 50 հոգուց բաղկացած հեծելախմբով մեկնել է Թավրիզ, մասնակցել Իրանի հեղափոխությանը: Ռուսական զորքերի՝ Իրան մտնելուց հետո անցել է Սալմաստ, ապա միացել Եփրեմ խանին՝ դառնալով նրա օգնականը: Վրեժխնդիր է եղել Եփրեմին սպանողներից: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայկական 4-րդ կամավորական գնդի հրամանատարն էր, մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին (1915թ.): 1916թ-ի մայիսին, Մոսուլի ճանապարհին, Ռևանդուզի մոտ ընկել է թուրքական շրջապատման մեջ: Հմտորեն ղեկավարելով գործողությունները՝ կարողացել է դուրս գալ շրջապատումից, սակայն ինքը զոհվել է: Քեռին հայտնի էր որպես հմուտ հրամանատար, պահանջկոտ և հոգատար հայդուկապետ: Ժողովուրդը երգեր է հյուսել նրա մասին:

 

Գ. Խուդինյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am