ՔԵՄԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, խորհրդային և թուրքական պատմագիտության մեջ հակաիմպերիալիստական, բուրժուա-ագգայնական համարվող հեղափոխություն Թուրքիայում: Մուդրոսի զինադադարից (1918թ.) հետո, Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916թ.) հիման վրա սկսեցին գրավել Օսմանյան կայսրության տարածքը: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույների մի մասին, հայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրքական լծից և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում: Անտանտի երկրների քաղաքականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ հանդես եկավ թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի (որի անունով էլ կոչվել է շարժումը) գլխավորությամբ:

1919թ-ի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 6-ը Կարինում (Էրզրում) կայացավ «Արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության» կոնգրեսը, որն ընտրեց «ներկայացուցչական կոմիտե»՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, դա նոր Թուրքիայի առաջին ժամանակավոր կառավարությունն էր: 1919թ-ի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում (Սվազ) տեղի ունեցավ «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» համաթուրքական կոնգրեսը, որին մասնակցեցին 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից: Կոնգրեսը չճանաչեց Մուդրոսի զինադադարով որոշված սահմանները և պայքարի կոչ արեց՝ պահպանելու Օսմանյան կայսրության ամբողջականությունը: Կարինի և Սեբաստիայի կոնգրեսները մերժեցին հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծման գաղափարը: Իրենց զավթողական ծրագրերը քողարկելու նպատակով Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի արդարացի պահանջը քեմալականները ներկայացնում էին իբրև նվաճողական ձգտում: Մուստաֆա Քեմալը նշում էր, որ «ագգը ոչ մի թիզ հող չի զիջի Հայաստանին»:

1919թ-ի  վերջին Քեմալան շարժման կենտրոն դարձավ Անկարան: Շարժման կորիզը Փոքր Ասիայի կենտրոնում գործող գյուղացիական զինված ջոկատներն էին («ազգային ուժեր»): Քեմալականները պայքարում էին երկու ճակատով, արևմուտքում՝ Հունաստանի, արևելքում՝ Հայաստանի Հանապետության դեմ. վերջինիս առավել ուշադրություն էր դարձվում: Օգտվելով Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների միջև հակասություններից՝ քեմալականները զենք գնեցին Ֆրանսիայից և Իտալիայից:

1920թ-ի       ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվեց մեջլիս (պառլամենտ)՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), որը կազմեց կառավարություն Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: 1920թ-ի օգոստոսի 10-ին Անտանտի և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որը Անկարայի կառավարությունը չճանաչեց, իսկ Քեմալական շարժումը նոր ծավալ ստացավ: Դրան նպաստեց Խորհրդային Ռուսաստանը, որը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, և ավելի քան 10 մլն ռուբլի ոսկով անհատույց տրամադրեց Թուրքիային: Ստանալով այդ օգնությունը և օգտվելով Այսրկովկասում ստեղծված իրադրությունից՝ 1920թ-ի սեպտեմբերին, քեմալական հրոսակները ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածք՝ դա ներկայացնելով իբրև Անտանտի դեմ պատերազմ: Նրանք հրի ու սրի մատնեցին Արևելյան Հայաստանը՝ ոչնչացնելով տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց: Փաստորեն քեմալականները շարունակեցին երիտթուրքերի՝ հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Արևելքում Քեմալական շարժումը հասավ այն բանին, որ չստեղծվեց անկախ ու միացյալ հայկական պետություն, 1921թ-ի մարտի 16-ին, առանց Հայաստանի մասնակցության, Մոսկվայում, Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց «բարեկամության և եղբայրության» պայմանագիր, որով Այսրկովկասից Թուրքիային տրվեց շուրջ 26 հզ. քառ. կմ տարածք, որից 24 հզ. քառ. կմ Հայաստանի Հանրապետության տարածքից:

Քեմալականները արևելքում ավարտելով ռազմական գործողությունները, հիմնական ուշադրությունը դարձրեցին արևմտյան ճակատին՝ հույների դեմ պատերազմին: 1921թ-ին Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ ճակատամարտում հունական զորքերի պարտությունը արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը: 1921թ-ին Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ, որով հրաժարվեց քեմալականների դեմ պայքարից, իր զորքերը հանեց Կիլիկիայից՝ թուրքական զորքերին հայկական նոր կոտորածների հնարավորություն տալով:

1922թ-ին վերջնական պարտություն կրելով՝ հունական ուժերը թողեցին Փոքր Ասիան. թուրքական զորքերը ներխուժեցին Իզմիր (Զմյուռնիա) և կոտորեցին հույն և հայ խաղաղ բնակչությանը:

1922թ-ի հոկտեմբերի 11-ին Մուդանյա քաղաքում (Մարմարա ծովի ափին) ստորագրվեց զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև.հոկտեմբերի 13-ին դրան միացավ Հունաստանը: Պատերազմն ավարտվեց Լոզանի կոնֆերանսով (1922-1923թթ.), որը ճանաչեց թուրքական անկախ պետությունը:

Քեմալական շարժումը հետապնդում էր երկու նպատակ. պահպանել թուրքական լայնածավալ պետությունը, պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ: Այդ պայքարում Քեմալական շարժումը չխորշեց նաև ցեղասպանությունից՝ Արևելյան Հայաստանում և Կիլիկիայում կոտորելով հայերին, Փոքր Ասիայի արևմուտքում՝ հույներին և հայերին, Արևմտյան Հայաստանում՝ քրդերին:

Ե. Սարգսյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.

 Սասունի Կ., Հայ-թրքական պատերազմը (1920-ին), Պէյրութ, 1969թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am