Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Պատրիարքություն հայոց Թուրքիո

Պատրիարքություն հայոց Թուրքիո. Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն, հայ համայնքի եկեղեցական կազմակերպություն: Ստեղծվել է 1461թ-ին (հայ եկեղեցական համայնքը Կ. Պոլսում կազմակերպվել է 572թ-ին): Հանդիսանալով հայերի բարձրագույն հոգևոր մարմինըունենալով որոշակի առանձնաշնորհումներ հոգևոր ոլորտում՝ Օսմանյան կայսրությունում կատարել է խոշոր դեր հայերի հասարակակա-քաղաքական և մշակութային կյանքում, պաշտպանել  հայերի շահերը թուրքական կառավարության մոտ: Պատրիարքություն հայոց Թուրքիոյի  դերը և նշանակությունը  պահպանվել է նաև Ազգային սահմանադրության (1860թ.ընդունումից հետո:

Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքի շրջանում, չնայած չափավոր դիրքորոշմանը՝ չգրգռել մահմեդական մոլեռանդությունը, այնուամենայնիվ, Պատրիարքություն հայոց Թուրքիոյի նախաձեռնությամբ Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878թ.) մեջ մտավ արևմտահայերի դրության համեմատատական բարելավման մասին կետը:

Դրանով սկիզբ դրվեց Հայկական հարցի միջազգայնացմանը: Քանի որ Սան Ստեֆանոյի պայմանագրի  պայմանները չբավարարեցին հայկական հասարակա-քաղաքական շրջանակներին, Պատրիարքություն հայոց Թուրքիոն որոշում  ընդունեց պատվիրակություն ուղարկել  եվրոպական տերությունների կողմից 1878թ-ին գումարվող  Բեռլինի կոնգրես : Կոնգրեսի  որոշումները չարդարացրին հայերի հույսերը: Պատրիարքություն հայոց Թուրքիոն  բազմիցս փորձել է  ներազդել թուրքական կառավարության  վրա և ստիպել  կատարել  Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները՝ Արևմտյան Հայաստանում բարեփոխումներն իրականացնելու վերաբերյալ: Պատրիարքություն հայոց Թուրքիոյի  երբեմն վախվորած, անվճռական դիրքորոշումը վճռաբար դատապարտվեց հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցությունների կողմից (տե´ս Գում Գափուի ցույց 1890թ.): 1894-1986թթ-ի հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմում Հայերի ցեղասպանության ժամանակ, Պատրիարքություն հայոց Թուրքիոն  զրկվեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանը որևէ  օգնություն ցույց տալու հնարավորությունից: Կ. Պոլսի, Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի  հոգևորականության բազմաթիվ  ներկայացուցիչներ դարձան զանգվածային  կոտորածների և տեղահանության զոհեր: Շատ հայ հոգևորականներ զենքը ձեռքին մասնակցեցին հայերի հերոսական ինքնապաշտպանական մարտերին, Արևմտյան Հայաստանում և  Օսմանյան կայսրության մի շարք հայաբնակ շրջաններում ու զոհվեցին:

1915թ-ի Մեծ եղեռնից հետո, Պատրիարքություն հայոց Թուրքիոն զգալիորեն կորցրեց իր նախկին նշանակությունն ու դերը: Ներկայումս այն Թուրքիայի համայնքի հոգևոր ներկայացուցիչն է և  ենթարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսությանը (Էջմիածին):

 

                                                                                                                         Կ.Խուդավերդյան

 

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

Պերպերյան Հ. «Նյութեր Կ. Պոլսո Հայոց  պատմության համար», Վեն., 1965:

«Братская помощь пострадавшим в Турции армянам»,2-ое изд., Москва,1898г.


ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am