«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ», հայ ազգային-ազատագրական գաղտնի  կազմակերպություն: Հիմնվել է Կարինում (Էրզրում), 1877-78-ի  ռուս- թուրքական պատերազմից և հայերի  համար անարդյունք ավարտված Սան Ստեֆանոյի պայմանագրից  ու  Բեռլինի կոնգրեսից հետո: Մոտակա նպատակն էր հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպումը, վերջնական նպատակը՝ սեփական ուժերով Հայաստանի անկախության վերականգնումը: Կազմակերպության ղեկավարությունն իրականացնում էր Գերագույն խորհուրդը  (Խաչատոր Կերեքցյան, Ալեքսան Էթելեկյան, Հովհաննես Աստուրյան և  ուրիշներ): Անդամներն էին մտավորականներ, արհեստավորներ,  երկրագործներ, կազմված էրտասնյակների համակարգով:  Կազմակերպությանը հովանավորում էր Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա  Օրմանյանը: «Պաշտպան հայրենյաց»-ն իր  մասնաճյուղերն  ուներ  Արևմտյան Հայաստանի մեծ մասում: Կազմակերպությունը  թռուցիկներ էր  տարածում՝միասնական ուժերով թուրքական լուծը թոթափելու կոչերով:«Պաշտպան Հայրենյաց»-ի  «արմատական» թևը,  ազատագրության  միակ ուղին համարելով զինված ապստամբությունը, կողմ էր անհապաղ  զինված ելույթին, իսկ «չափավոր» թևի կարծիքով, զինված  ելույթը  պետք էր իրականացնել մանրակրկիտ և երկարատև  նախապատրաստությունից  հետո: ժողովրդի ինքնապաշտպանության  համար զենք հայթայթելու նպատակով  «Պաշտպան Հայրենյանց»-ը  փորձել է նյութական միջոցներ գտնել, կապեր է հաստատել հայ  քաղաքական և կրոնական գործիչների՝ Մ. Խրիմյանի  (Խրիմյան Հայրիկ),  Գ. Արծրունու, Կ. Պոլսի պատրիարք Ն. Վարժապետյանի, հայկականհամանման կազմակերպությունների հետ: 1882-ին ոստիկանությունը  հայտնաբերել է կազմակերպությունը, ձերբակալել շատ անդամների: 1883-ին տեղի է ունեցել դատը՝ հայերի առաջին քաղաքական դատավարությունը Օսմանյան կայսրությունում: Հիմնադիր անդամները դատապարտվել են 5-15 տարվա բանտարկության: Նրանց մեծ մասը 1884-ին ներում էստացել:

«Պաշտպան հայրենյանց»-ի  գործունեությունը նպաստել է հայ  ազգային-ազատագրական շարժման նոր վերելքին:

                                                                                                        Է.Կոստանդյան                      

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

Մուրադյան Մ., Ռուսաստանի պատմության հիմնահարցերը,Երևան, 2011:

Խրիմյան Հայրիկ, Խրիմյան Հայրիկ. Երկեր,Երևան, 1992:

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am