Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-1920

Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-1920թթ., միջազգային կոնֆերանս, հրավիրել էին հաղթող տերությունները՝ 1914-1918թթ-ին առաջին համաշխարհային պատերազմում պարտված երկրների հետ հաշտության պայմանագրերի նախապատրաստման և կնքման համար: Ընդմիջումներով տեղի է ունեցել 1919թ-ի հունվարի 18-ից մինչև 1920թ-ի հունվարի 21-ը: Մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իտալիան, Բելգիան, Ճապոնիան, Չինաստանը, Լեհաստանը, Բրազիլիան և Անտանտի կազմում պատերազմած կամ գերմանական խմբավորման հետ դիվանագիտական հարաբերությունները խզած այլ պետություններ: Գերմանիային և նրա նախկին դաշնակիցներ Ավստրո-Հունգարիային, Թուրքիային, Բուլղարիային թույլատրվել է կոնֆերանսին մասնակցել, երբ հաշտության պայմանագրերի նախագծերը պատրաստ են եղել: Խորհրդային Ռուսաստանը կոնֆերանսին չի հրավիրվել: Կոնֆերանսի հիմնական հարցերը որոշել են Մեծ Բրիտանիան (պատվիրակության ղեկավար՝ Դ. Լլոյդ Ջորջ), Ֆրանսիան (Ժ. Կլեմանսո)) և ԱՄՆ-ը (Վ.Վիլսոն): Փարիզի հաշտության կոնֆերանսը հաշտության պայմանագրեր պատրաստեց Գերմանիայի (Վերսալի հաշտության պայմանագիր), Ավստրիայի (Սեն Ժերմենի հաշտության պայմանագիր), Հունգարիայի (Տրիանոնի հաշտության պայմանագիր), Բուլղարիայի (Նեյիի հաշտության պայմանագիր) և Թուրքիայի (Սևրի հաշտության պայմանագիր) հետ, որոնք կազմեցին հետպատերազմյան Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը: Կոնֆերանսը որոշում ընդունեց ստեղծել Ազգերի լիգա):

Հայաստանի Հանրապետությունը Փարիզի հաշտության կոնֆերանսին չէր հրավիրվել, թեև հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմում ավելի շատ մարդկային կորուստներ էր կրել, քան որոշ խոշոր պետություններ: Այդուհանդերձ, 1919թ-ի փետրվարին, հայկական երկու պատվիրակություններ (Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ա. Ահարոնյանի գլխավորությամբժամանեցին Փարիզ և դիմեցին դաշնակից տերություններին՝ հայերի ազգային պահանջները հարգելու խնդրանքով: Ֆրանսիայի արտգործնախարար Ս. Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց մի հուշագիր պատրաստել, որը և ներկայացվեց 1919թ-ի փետրվարի 12-ին: «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը» պարունակում էր հետևյալ դրույթները, հայկական անկախ պետության ճանաչում հայկական յոթ նահանգների (վիլայեթների) և Կիլիկիայի սահմաններում՝ դրանց միացնելով Կովկասի Հայաստանի Հանրապետության տարածքը: Դաշնակից տերություններից մեկը կամ Ազգերի լիգան պետք է երաշխավորեր ստեղծվող հայկական պետության տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը: Դաշնակից տերություններից մեկին լիազորություններ պետք է տրվեին՝ 20 տարով ստանձնելու Հայաստանի մանդատը: Հայաստանը պետք է փոխհատուցում ստանար կրած կորուստների համար, պատերազմի տարիներին բռնի տեղահանված հայերը պետք է հնարավորություն ստանային վերադառնալ իրենց հայրենիքը: Հայերի զանգվածային ոչնչացման մեղավորները պետք է պատժվեին:

Այս Փաստաթուղթը պատշաճ արձագանք չգտավ: Դաշնակից տերությունները զբաղված էին պարտված Գերմանիայի հարցերով և չէին շտապում քննարկել թուրքական հարցը, որի հետ սերտորեն առնչվում էին Հայկական հարցն ու հայկական միասնական պետության ստեղծումը: Այդուհանդերձ, Փարիզի հաշտության կոնֆերանսը 1920թ-ի հունվարի 19-ին, դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը՝ նրան, սակայն, չցուցաբերելով որևէ իրական օգնություն: Հետագայում Հայկական հարցը քննարկվեց 1920թ-ի Սան Ռեմոյի կոնֆերանսում իր արտահայտությունը գտավ Սևրի հաշտության պայմանագրում (1920թ.):

 

Ռ. Սահակյան

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am