ԲՈՐՈՅԱՆ Սմբատ Գրիգորի, Մախլուտո (1881, Մուշ - 1956, Երևան, թաղված է Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցու բակում), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է Մուշի Ս. Մարինեի թաղամասի վարժարանում: Ազատագրական գործունեությունը սկսել է 1900-ից, «Երկաթ» խմբի կազմում: Գործակցել Է Անդրանիկի, Հրայրի հետ: Բորոյանը ահաբեկել է Աղբյուր Աերոբին մատնողներից մեկին: Մասնակցել է Առաքելոց վանքի կռվին (1901-ի նոյեմբեր ), եղել 1904-ի Սասունի ապստամբության ղեկավարներից (Գևորգ Չավուշի հետ գլխավորել է Իշխանաձորի մարտերը): Ապստամբությունից հետո անցել է Վան, ապա՝ Կովկաս, մասնակցել հայ-թաթարական ընդհարումներին, գլխավորել Ղամարլուի մարտերը: 1905-11-ի իրանական հեղափոխության ժամանակ կռվել է Ուրմիայի շրջանում: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո գործել է Մուշում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1-ին կամավոր գնդի (հրամանատար՝ Անդրանիկ) փոխհրամանատար: 1918-ին կռվել է Զանգեզուրում: 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ Թալինից և Աշտարակից Երևան շարժվող ուժերի հրամանատարն էր: Համագործակցել է (Դարալագյազում) Նժդեհին, ապա նահանջող ուժերի հետ անցել Պարսկաստան, հետո՝ Փարիզ: 1947-ին հայրենադարձվել է, ապրել և աշխատել է Երևանում: Բարայանի անունով Երևանում կա փողոց:

Ա. Ներսիսյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am