ՕՐԵՆՔ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՄԻՆ, ընդունվել Է 1915-ի մայիսի 14(27)-ին. Օսմանյան կայսրության սուլթանի հատուկ հրամանագրով: Օրենքի 1-ին հոդվածի համաձայն, «պատերազմի ժամանակ բանակային կորպուսների, բանակների և դիվիզիաների հրամանատարներին հանձնարարվում և հրամայվում է անհապաղ և խստագույնս զենքի ուժով պատժել բոլոր նրանց, ովքեր որևէ ձևով կհակառակվեն ազգային պաշտպանության և կարգ ու կանոնի պահպանման նպատակով կառավարական հրամաններին ու միջոցառումներին»: 2-րդ հոդվածով, զինվ. հրամանատարությանը թույլատրվում էր «գյուղերի և քաղաքների բնակչությանը տեղափոխել այլ վայրեր և նրանց բնակեցնել, անհատապես կամ հավաքականորեն, ռազմական պահանջներին համապատասխան»:

Օրենքը ուժի մեջ էր մտնում հրապարակման պահից, կիրառումը դրվում էր ռազմ, նախարար էնվերի վրա: Թեպետ օրենքն ընդունվել էր մայիսի 14-ին, բայց դեռևս 1915-ի ապրիլին երիտթուրք. Հատուկ կազմակերպության նախագահ Բեհաէդդին Շաքիրը զինվորականներից ու տեղական իշխանություններից տեղեկություններ էր պահանջում հայ բնակչության տեղահանման ու ոչնչացման ընթացքի մասին: 1915-ի հունիսին թուրք, բանակի հրամանատարությունը տեղական իշխանություններին հատկապես նախազգուշացրել է, որ նրանք պատասխանատվություն են կրում օրենքի գործադրման համար, եթե մահմեդականները համարձակվեն իրենց տներում ապաստան տալ հայերին, «ապա նրանք պետք Է կախաղան հանվեն ի-րենց տների առջև, իսկ տները՝ հրդեհվեն»: Հրամանատարությունը տեղական իշխանություններից պահանջում էր ջերմեռանդություն հանդես բերել, որպեսզի «ոչ մի հայ զերծ չմնա արտաքսումից»: Ամենայն խստությամբ նախազգուշացվում էր. որ այն մահմեդականները. ովքեր կփորձեն պաշտպանել հայերին, «եթե զինծառայող են, կզրկվեն զինվորական կոչումից և անհապաղ կկանգնեն դատարանի առջև, իսկ եթե նրանք քաղաքացիական ծառայողներ են, ապա անհապաղ կազատվեն ծառայությունից և կկանգնեն զինվորական դատարանի առջև»:

Այդ օրենքի համաձայն, Արմ. Հայաստանի, Կիլիկիայի և Թուրքիայի այւ հայաբնակ վայրերի հարյուր հազարավոր հայեր տեղահանվեցին դեպի երկրի խորքերը, Աիջւսգետքի անապատները: Հայերի տեղահանությունը իրականում նրանց բնաջնջումը եղավ. տեղահանված բնակչության միայն չնչին մասը հասավ տեղ և տեղաբաշխվեց համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նույնպես ենթարկվեց կանոնավոր ոչնչացման, մատնվեց սովի և համաճարակների:

 

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, Երևան, 1996 թ.

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am