ՕԼԹԻ
, Ողթիկ, Ուղտիք, քաղաք Ճորոխ գետի աջակողմյան վտակ Օլթիի ափին: Մտել է Մեծ Հայքի Տայք նահանգի Ոքաղե գավառի կազմի մեջ: 1877թ-ին այն գրավել են ռուսական զորքերը և 1878թ-ին նորաստեղծ Կարսի մարզի կազմում՝ միացրել Ռուսական կայսրությանը: 1843թ-ին ունեցել է 142 տուն բնակիչ, մեծ մասը՝ հայեր: Հետագայում, արևմտահայ գավառներից և Անդրկովկասից գաղթած վերաբնակիչների հաշվին, քաղաքի բնակչության թիվը անցել է 1090 տնից, որից մոտ հազարը հայեր էին: 1914թ-ի դեկտեմբերի 22-ին, թուրքական զորքերը հարձակվել են Օլթիի ուղղությամբ: Օլթիում ռուսական ջոկատի (հրամանատար՝ գեներալ Իստոմին) մեկօրյա համառ դիմադրությունը տեղի բնակչության մեծ մասին հնարավորություն է տվել հեռանալ Կարս և Ախալցխա: Դեկտեմբերի 23-ին, քաղաք ներխուժած թուրքերը սրի են քաշել այնտեղ մնացած հայերին և վրացիներին: 1915թ-ի հունվարի 3-ին, ռուսները վերագրավել են Օլթին: 1915-1916թթ-ին հայ գաղթականների մեծ մասը, չնայած ռուսական զինվորական իշխանությունների հարուցած արգելքներին, վերադարձել է: 1918թ-ի ապրիլի 9-ին, թուրքերը գրավել են Օլթին՝ կոտորելով տեղում մնացած հարյուրավոր հայերի: Օլթեցի գաղթականների զգալի մասը հեռացել է Վրաստան և Արևելյան Հայաստան՝ ծանր կորուստներ կրելով գաղթի ճանապարհին: 1920թ-ի հունիսին, Օլթին իր քարածխի հանքերով միացվել է Հայաստանի Հանրապետությանը, զգալի թվով հայեր վերադարձել են: Քեմալական Թուրքիան 1920թ-ի սեպտեմբերին, պատերազմ է սկսել Հայաստանի դեմ՝ գրավել Օլթին: Հայ բնակչության ճնշող մեծամասնությունը նորից արտագաղթել է Անդրկովկաս: Թուրքական ասկյարներն ու տեղի մոլեռանդ մահմեդականները հայկական ջարդեր են կազմակերպել: 1921թ-ի մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով, Օլթին Կարսի մարզի մյուս գավառների հետ հանձնվել է Թուրքիային: Այժմ, այն թուրքերով և քրդերով բնակեցված փոքրիկ քաղաք է Թուրքիայի Էրզրումի իլում:

 

Ա. Մելքոնյան

 

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am