Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) (հունվարի 12, 1867 - սեպտեմբերի 27, 1914), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։ Ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896-ին՝ Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ Մասնակցել է 1894-1896-ի Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։ 1895 թվականին խմբով (50 հոգի) անցել է Վան։ 1896 թվականին Նիկոլի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս՝ ապրել է Բաքվում։ 1904-ին փորձել է խմբով հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն թուրք-պարսկական սահմանի վրա՝ Ռազիի մոտ կռվի է բռնվել քրդական հրոսակախմբերի հետ և տեղ չի հասել։ 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող հայկական ինքնապաշտպանական ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում կողմ էր կազմակերպված ապստամբության։ 1909 թվականին անցել է Պարսկաստան։ Եփրեմ Խանի ու Քեռու /Արշակ Գավաֆյան/ հետ մասնակցել է Իրանական հեղափոխությանը։ Ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արևմտյան Հայաստանում։ 1910 թվականին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Նիկոլ Դումանը դեմ է արտահայտվել 1906 թվականին ՀՅԴ Խորհրդի ընդունած և ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի վավերացումը ստացած ,, կովկասյան նախագծին՛՛։ Նա գտնում էր, որ հայերը չպետք է տարվեն համառուսական հովերով։ Նա դեմ է արտահայտվել նաև Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայկական կամավորական գնդերի ստեղծման գաղափարին։ Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը զգալով մոտալուտ վախճանը1914 թվականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։ Հայ ազգի կողմից սիրված հերոսի մարդաշատ հուղարկավորությունը տեղի է ունենում Թիֆլիսում, Խոջիվանքի Պանթեոնում։ Նիկոլին թաղում են Դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին։ 1930-ական թվականներին Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդեց Խոջեվանքը և պանթեոնը՝ այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմանների հետ։

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am