«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԳԻՐՔ» (Դիվանագիտական փաստաթղթերի ժողովածու: Բարենորոգումները Հայաստանում, 1912 թվականի նոյեմբերի 26-1914 թվականի մայիսի 10, Сборник дипломатических документов. Реформы в Армении. 26 ноября 1912 года- 10 мая 1914 года. Петроград, 1915), Հայկական հարցի նախապատերազմյան շրջանի պատմությանը նվիրված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հրատարակած փաստաթղթերի ժողովածու: Պարունակում է 159 փաստաթուղթ` Կ. Պոլսի ռուսական դեսպանատան և ԱԳՆ նամակագրություններ ու հեռագրեր, հայկական բարենորոգումների հարցի շուրջ Ռուսաստանի ԱԳՆ և Կ. Պոլսի ու եվրոպական մայրաքաղաքների ռուս, դեսպանների փոխանակած հուշագրեր և այլ փաստաթղթեր, Կ. Պոլսի հայ քաղաքական շրջանների, պատրիարքարանի ու Ամենայն հայոց կաթողիկոսության, ինչպես նաև թուրք, կառավարության հետ ռուս, դիվանագետների առնչությունների ու բանակցությունների վերաբերյալ զեկուցագրեր, հայկական  բարենորոգումների ծրագրի նախագծեր և այլն: Ունի ընդարձակ հավելված, ուր տեղ են գտել թուրք, կառավարության շրջաբերականները եվրոպական երկրների իրենց դեսպաններին, ընդհանուր տեսուչների համար նախատեսված հրահանգները, Կ. Պոլսի դեսպանաժողովի (1913-ի հուլիս) նիստերի սղագրությունը (ֆրանս.), ինչպես նաև Օսմանյան կայսրության 6 հայկ, վիլայեթների (Արևմտյան Հայաստանի) ազգագրական կազմի վերաբերյալ վիճակագրության տվյալները:

Այս ժողովածուի հիման վրա Ռուսաստանի դիվանագիտական արխիվը լույս ընծայեց «Հայաստանի ապագա կառուցվածքը» («Будущее устройство Армении. Третья оранжевая книга. П., 1915») գիրքը, որը, հրատարակիչների ասելով, իրենից ներկայացնում է Թուրքիայում Հայկական հարցի վերջին փուլի «ամենալիակատար ու ճշմարտացի» պատմությունը: «Ռուսական դիվանագիտության ջանքերով, որը ամուր աջակցություն գտավ Եռյակ համաձայնության տերությունների կողմից, ձեռք բերվեցին այնպիսի արդյունքներ, որոնք համարձակ կարելի է ամփոփել որպես Հայաստանի ապագա ինքնավարության հիմքեր: Աակայն բռնկած պատերազմը Թուրքիայի հետ, ցավոք, իհարկե, կուշացնի այդ դրության լիովին իրականացումը, բայց չի խափանի այն...»:

Այս գրքում արխիվային փաստաթղթերը դասակարգված և մեկնաբանված են հետևյալ հիմն, խորագրերի տակ, «Տերությունների վերաբերմունքը Հայաստանին», «Հայաստանի ռուսական կազմակերպումը», «Թուրքական չարչիությունը», «Հայաստանի նոր պետական կարգը»:

Հայկական հարցի պատմության այս փուլի և ժողովածույում հիշատակված բարենորոգումների ծրագրի մասին տես՝ «Հայկական բարենորոգումներ 1912- 1914» և «Ռուս-թուրքական համաձայնագիր 1914» հոդվածներում:

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am