ՉԵՐԱԶ Մինաս Գրիգորի (1852 թ., Կ. Պոլիս - 1929 թ., Փարիզ), գրող, հասարակական-քաղաքական գործիչ: Սկզբնական կրթությունն ստացել է Խասգյուղի Ներսեսյան վարժարանում, այնուհետև՝ մանկավարժ Կ. Պոլսի հայկական վարժարաններում: Տիրապետել է հունարենին, ֆրանսերենին, անգլերենին, թուրքերենին: 1878 թ. ազգային պատվիրակության կազմում (Մ. Խրիմյան, Ս. Փափազյան, Խ. Գալֆայան), իբրև քարտուղար և թարգմանիչ, մասնակցել է Բեռլինի վեհաժողովին (տե՛ս Բեռլինի կոնգրես 1878 թ.): Եղել է Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի կառավարությունների հետ բանակցությունների, այնուհետև Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի քննարկման մասնակիցը: Վեհաժողովում Մ. Խրիմյանի գլխավորությամբ հայ պատվիրակության գործունեության մանրամասնությունների և արդյունքների մասին Չերազը շարադրել է «Թե ի՞նչ շահեցանք Պերլինի վեհաժողովեն» աշխատությունում (1878 թ.),. որն ունի պատմական աղբյուրի նշանակություն: Որպես Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանի մասնավոր պատվիրակ, 1880 թ. եղել է Անգլիայի վարչապետ Գլադստոնի մոտ, խնդրել նրա միջամտությունը՝ հայկական գավառներում Բեռլինի դաշնագրով նախատեսված բարենորոգումներն իրականացնելու համար: 1883 թ. նույնպիսի առաքելությամբ մեկնել է Ֆրանսիա և Իտալիա:

1886-89 թթ. եղել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանի տնօրենը: 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, հաստատվել է Լոնդոնում, հրատարակել «L'Armenie», գրական-քաղաքական թերթը՝ հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայ դատի պաշտպանության համար Եվրոպայամ բարենպաստ հասարական կարծիք ստեղծելու նպատակով: 1898 թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ մինչև 1906 թ. շարունակել է թերթի հրատարակությունը: 1908 թ., երիտթուրքական հեղաշրջումից հետո, վերադարձել է Կ. Պոլիս և ընտրվել Կ. Պոլսի Ազգային ժողովի նախագահ: Նույն թվականին նորընտիր կաթողիկոս Մատթևոս Կոստանդնուպոլսեցու հետ մեկնել է Պետերբուրգ, այցելել ցարին և վարչապետ Ստոլիպինին՝ Ռուսաստանից հայցելով Հայ դատի պաշտպանությունը: 1912 թ. ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած ազգային պատվիրակության կազմում: 1914 թվականից հաստատվել է Փարիզում, շարունակել իր ազգանպաստ գործունեությունըՉերազը թողել է գրական մեծ ժառանգություն՝ գեղարվեստական ստեղծագործություններ, հայագիտական ուսումնասիրություններ, թարգմանություններ: 1890 թ. Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայոց լեզվի ամբիոն: Չերազը ընտրվել է ֆրանսիական Ասիական թագավորական, Արևելքի բանահյուսության, Լորիանի, Անտվերպենի աշխարհագրական և այլ ընկերությունների անդամ:


 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am