Մարգար Վարժապետ (Մարգար Ամիրյան) (1858, գ. Վարդենիս (Մուշի գավառ) - 1893, Բաղեշ), հայ ազատագրական պայքարի մարտիկ, ֆիդայի։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայում, ապա, 7 տարի սովորելով Մուշի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում, վերադարձել է ծննդավայր, հիմնել դպրոց և աշակերտներին դաստիարակել հայրենասիրության ոգով։ Դպրոցի շենքի կառուցման համար միջոցներ հայթայթելու նպատակով եղել է Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում, ծանոթացել Գրիգոր Արծրունու, Րաֆֆու, Մկրտիչ Խրիմյանի հետ։

Վերադառնալով գյուղ՝ Մարգար Վարժապետը ժողովրդին հորդորել է զինվել և 1880-ական թվականներին գլխավորել է վարդենիսցիների ինքնապաշտպանությունը թուրք-քրդական ուժերի դեմ։

1892-ին թուրք ոստիկանապետի սպանության կեղծ մեղադրանքով ձերբակալվել և բանտարկվել է։ Դատի ժամանակ մերկացրել է թուրքական իշխանությունների հայահալած քաղաքականությունը, չի հրաժարվել, որ պայքարել է թուրքական բռնատիրության դեմ։ Թուրքական իշխանությունները Մարգար Վարժապետին մեկ տարի բանտում պահելուց հետո կախաղան են բարձրացրել։ Մահից առաջ դիմել է ժողովրդին՝ կոչ անելով չվհատվել և շարունակել պայքարը։ Մարգար Վարժապետի գերեզմանը դարձել է ուխտատեղի։

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, 1996թ., Երևան

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am