ՔԻՆԳ-ՔՐԵՅՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, կազմվել է 1919-ին, ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնի որոշմամբ, առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիայում ազդեցությունների ոլորտներն ուսումնասիրելու նպատակով: Անվանումն ստացել է ամերիկացի պաշտոնյաներ Հենրի Չ. Քինգի և Չառլզ Ո. Քրեյնի անուններից: Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-20) հաղթանակած Անտանտի երկրները և դաշնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննել են նաև Օսմանյան կայսրության հետագա գոյության, նրա քաղաքական կաոուցվածքի, կայսրությունում բնակվող ազգերի փոքրամասնությունների, ինչպես նաև Հայաստանի ինքնորոշման հարցերը: ԱՄՆ-ը, որը ձևականորեն չէր միացել Թուրքիայի մասնատման վերաբերյալ Անտանտի երկրների միջև պատերազմի տարիներին կնքված գաղտնի համաձայնագրերին, իրականում պահանջում էր այնպես բաժանել կայսրությունը, որպեսզի ԱՄՆ-ը նույնպես ունենար իր ազդեցության ոլորտները: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի պատվիրակությունը կոնֆերանսում առաջարկել է ստեղծել հանձնաժողովներ Օսմանյան կայսրության մասնատման ենթակա շրջանների ուսումնասիրման համար, ինչպես նաև պահանջել վիճելի շրջանների հարցերը կարգավորելու համար միջդաշնակցային հետաքննիչ հանձնաժողով ուղարկել Օսմանյան  կայսրություն: Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները խուսափել են մասնակցել այդ հանձնաժողովին: Պրեզիդենտ Վ. Վիլսոնը քաղաքականապես չհեղինակազրկվելու և. ա-ոաջին հերթին, ամերիկ. գործարար շրջանների շահերը բավարարելու համար որոշել է միայն ամերիկ. ներկայացուցիչներից կազմել հանձնաժողով՝ Հենրի Չ. Քինգի և Չաոլզ Ռ. Քրեյնի գլխավորությամբ, թեև այն պաշտոնապես ներկայացվում Էր որպես միջդաշնակցային հետաքննիչ հանձնաժողովի ամերիկ. մասնաճյուղ: Հանձնաժողովի կազմում ներգրավվել են նաև Թուրքիային լավատեղյակ անձինք (փորձագետներ):

1919-ի հունիսի 10-ին հանձնաժողովը իր լրիվ կազմով ժամանել է Հայֆա (Սիրիա): Ավարտելով աշխատանքները Աիրիայում՝ ուղևորվել է Կիլիկիա, որտեղ հանդիպել է տեղի բնակչության ներկայացուցիչների, մասնավորապես՝ հայ և թուրք բնակչության պատվիրակների հետ: Հուլիսի 23-ին հանձնաժողովը ժամանել է Կ. Պոլիս: Այստեղ հավաքել և մշակել է նյութեր Կ. Պոլսի, նեղուցների, Անատոլիայի և Հայաստանի մասին:

Ք-Ք. հ. խուսափել է այցելել Անա-աոլիա և Հայաստան՝ պատճառաբանելով, թե «Չորսի խորհրդից» նման հրահանգ չի ստացել, թեև զեկուցագրում պատրվակ է բերել հարմար ճանապարհների բացակայությունը, և, որ ամենակարևորն է, տեղի բուն բնակչության բացակայությունը, որը տեղահանվել է պատերազմի տարիներին կամ կոտորվել: Հանձնաժողովը Կ. Պոլսում պարբերաբար հանդիպումներ է ունեցել տարբեր ազգերի ու համայնքների ներկայացուցիչների հետ:

1919-ի օգոստ. 1-ին հանձնաժողովն ընդունել է հայկ, պատվիրակությանը՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք Զավենի գլխավորությամբ: Հայկ, պատվիրակության կազմում միասնաբար հանդես են եկել արևելահայերը և արևմտահայերը, թեև տարածքային պահանջների հարցում որոշակի տարակարծություն կար նրանց միջև, արևմտահայերը պահանջում էին 6 վիլայեթները, Կիլիկիան, նավահանգիստներ Սև և Միջերկրական ծովերի ափերին՝ այդ ամենը հիմնավորելով նրանով, որ Հայաստանն է «միակ կարևոր օազիսը մուսուլմանական անապատում և մուսուլմանական միլիտարիզմի դեմ արևմտյան քաղաքակակրթության հենարանը ապագա պայքարում»: Արևելահայերն ավելի չափավոր էին, նույնիսկ մանդատի հարցում նրանք խուսափում էին կոնկրետ նշել հովանավորող պետությունը, այն դեպքում, երբ արևմտահայերը Հայաստանի մանդատը առաջարկում էին ԱՄՆ-ին ու մերժում մեկ ընդհանուր մանդատը Թուրքիայի և Հայաստանի վրա. քանզի հայ-թուրք. հարաբերությունները հնարավոր չէր կարգավորել, առավել ևս ապրել միևնույն կառավարման ներքո: Ք-Ք. հ. ընդհանուր կարծիք մշակելու համար հանդիպումներ է ունեցել նաև հույների, բուլղարացիների, քրդերի, մակեդոնացիների, ասորիների, վրացիների և այլոց պատվիրակների հետ:

1919-ի օգոստոսի 21-ին, ավարտելով աշխատանքները Կ. Պոլսում, հանձնաժողովը վերադարձել է Փարիզ և իր զեկուցագիրը ներկայացրել ամերիկյան պատվիրակությանը: Զեկուցագրում որոշակիորեն դրվել էր Հայաստանի հարցը, որը բխեցվում էր կոնֆերանսում մանդատների հաստատման վերաբերյալ ընդունված որոշումներից, թուրք, կայսրության նկատմամբ վարվելիք քաղաքականության և ապագա խաղաղության հաստատման մասին վիլսոնյան ծրագրի 12-րդ կետից: Առաջարկվում էր կազմել նոր, անկախ Հայաստան, որին տնտեսապես աջակցելու թուրք, վրեժխնդրությունից զերծ պահելու, ինչպես և նրա անվտանգությունը պահպանելու համար պետք էր հաստատել որևէ հզոր երկրի երկարաժամկետ մանդատ: Գերադասելի էր համարվում ԱՄՆ-ի մանդատը (տես Հայաստանի մանդատ 1920), քանի որ այն արտահայտում էր հայերի մեծամասնության ցանկությունը:

Զեկուցագրի հեղինակները կարծում էին, որ այն կարժանանա դաշնակիցների հավանությանը, քանզի թուրքերն էլ են նախընտրելի համարել Հայաստանի վրա ամերիկ. մանդատը: Հանձնաժողովը խուսափել էր նշել Հայաստանի սահմանները և միայն կարծիք էր հայտնել, որ հայերը պետք է զբաղեցնեն այն տարածքները, որտեղ հնարավոր կլիներ ապահովել քրիստոնյաների մեծամասնությունը: Ընդհանուր առմամբ, հանձնաժողովը հանգել էր այն եզրակացության, որ հովանավորության ենթակա երեք պետությունները՛ Թուրքիան, Հայաստանը և Սիրիան, պետք է լինեն մեկ մանդատային երկրի ընդհանուր հսկողության ներքո: Իսկ քանի որ այդ երկրները տնտեսապես ոչ բարվոք վիճակում էին, և անհրաժեշտ էր խուսափել այնտեղ հետագա քաղաքական լարվածություններից, ապա ցանկալի էր, որ այդ պետությունները լինեին ԱՄՆ-ի միացյալ մանդատի ներքո, որին և ձգտում էին տեղի ժողովուրդները: Սակայն կոնֆերանսում ամերիկ. պատվիրակությունը զեկուցագիրը շրջանառության մեջ չդրեց, ինչը պայմանավորված էր ոչ այնքան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արլ. քաղաքականության վերաբերյալ բացասական կարծիքով, որքան ԱՄՆ-ի քաղ. շրջաններում առաջ եկած հակավիլսոնյան թևի ուժեղացումով, որոնք պրեզիդենտից պահանջում էին չխառնվել եվրոպ. պետությունների «խարդավանքներին» և հավատարմորեն հետևել «Մոնրոյի դոկտրինային» (այսինքն՝ մեկուսացման քաղաքականությանը):

Այսպես Ք-Ք. հ. ավարտեց իր գործունեությունը: Այն իր պահանջներով և առաջարկություններով խաթարում էր Մեծ Բրիտանիայի և հատկապես Ֆրանսիայի շահերը, որոնք անհողդողդ էին Թուրքիայում իրենց բաժինը ստանալու հարցում: Հանձնաժողովը չբավարարեց նաև ԱՄՆ-ի շահագրգիռ շրջաններին, քանի որ վայրերի մասին տեղեկությունները հիմնականում ստացվել էին տեղի պատվիրակություններից և միշտ չէ, որ համապատասխանում էին իրականությանը, այնուամենայնիվ. դրանք որոշակի պատկերացում տվեցին ամերիկյան կառավարությանը Թուրքիայի մասնատման ենթակա շրջանների սոց-տնտ. վիճակի ու նյութ, ռեսուրսների մասին: Որոշ չափով բացահայտվեց նաև Թուրքիայում ապրող տարբեր ազգությունների ու համայնքների քաղաքական հոսանքների դիրքորոշումը ԱՄՆ-ի նկատմամբ:

Հանձնաժողովը ոչնչով չնպաստեց հայկ, խնդրի լուծմանը: Այդպիսի խնդիրների ամբողջական քննարկման և ուսումնասիրման համար գեն. Ջ. Հարբորդի գլխավորությամբ մի նոր ա-մերիկ. պատվիրակություն գործուղվեց Թուրքիա :

 

Մ. Աողոմոնյան

 

 

Գրականության ցանկ՝

Հայկական հարց, Երևան,  1996 թ.

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am