Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Գերմանա-հայկական ընկերություն

ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հասարակական կազմակերպություն: Հիմնվել է Գերմանիայամ, 1914-ին, արևմտահայերին օգնություն կազմակերպելու նպատակով: 1894-96-ի հայկական կոտորածները Օսանյան կայսրությունում առաջացրին տարբեր երկրների առաջադեմ մտավորականության ցասումն ու զայրույթը: Շատ ականավոր գործիչներ դատապարտեցին խաղաղ հայ բնակչության նկատմամբ թուրքական բարբարոսական քաղաքականությունը, հանդես եկան ի պաշտպանություն հայ այրիների ու որբերի: Գերմանիայամ կազմակերպվեցին հայերի օգնության ընկերություններ, մեկը՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Էռնստ Լոհմանի նախաձեռնությամբ, մյուսը՝ Ֆրիզդորֆում, դոկտոր Յո. Լեփսիուսի ղեկավարությամբ: Այդ ընկերությունները Արևմտյան Հայաստանում հիմնեցին մի շարք որբանոցներ, Ուրֆայում՝ գորգի ֆաբրիկա, որտեղ աշխատում էին հայ այրիները: Յո. Լեփսիուսի նախաձեռնությամբ ընկերությունները միավորվեցին Գերմանա-հայկական ընկերության մեջ:

1914-ի հունիսին Բեռլինում տեղի ունեցավ ընկերության աոաջին նիստը, որտեղ ընկերության նախագահ ընտրվեց Յո. Լեփսիասը, տեղակալներ՝ Պ. Ռորբախը և Ջ. Գրինֆիլդը, գործավարներ՝ Է. Շտիրը և Ա. Իսահակյանը, Գ Գերմանա-հայկական ընկերության խնդիրներն էին՝ գերմանա-հայկական մշակութային կապերի զարգացումը, հասարակայնությանը հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելը: 1914-ի ամռանը լույս է տեսել ընկերության «Մեսրոպ» ամսագիրը՝ գերմանական և հայկական (հրատարակվել է մեկ համար):

Գերմանական դիվանագիտությունը ի սկզբանե ձգտում էր Գերմանա-հայկական ընկերությունը օգտագործել իր նպատակների համար: Կ. Պոլսում գերմանական դեսպանությունը ընկերության ղեկավարությանն առաջարկեց ազդել արևմտահայերի վրա՝ լոյալ դիրք գրավելու թուրքական կառավարության նկատմամբ: Ընկերության ղեկավարությունը համաձայնեց դրա հետ՝ պատերազմի ավարտից հետո Արևմտյան Հայաստանում նախատեսված ռեֆորմների իրականացման համար գերմանական կառավարությունից պաշտոնական երաշխիք ստանալու պայմանով: Պարտավորության (որը, սակայն, մնաց թղթի վրա) տակ ստորագրեց Գերմանիայի արտաքին գործերի պետական քարտուղարի օգնական Ցիմերմանը: Երբ Թուրքիայի ղեկավարները սկսեցին հայերի ջարդն ու տեղահանությունը, ընկերության նախագահ Յո. Լեփսիուսը մեկնեց Կ. Պոլիս, հանդիպեց Էնվեր փաշայի հետ, պահանջեց դադարեցնել հայերի զանգվածային կոտորածները, բայց ստացավ կտրական մերժում: Վերադառնալով Բեռլին՝ 1915-ի հոկտեմբերի 9-ին Գ Գերմանա-հայկական ընկերության ժողովում հաղորդում տվեց արևմտահայության ցեղասպանության և տեղահանության մասին: Ժողովի մասնակիցները նամակ հղեցին Գերմանիայի կանցլերին՝ խնդրելով արգելել հայության նկատմամբ կիրառվող վայրագությունները: Սակայն խնդրանքը մնաց անպատասխան, գերմանական կառավարությունը չձեռնարկեց որևէ միջոց: 1918-ի ապրիլի 22-ին ընկերությունը դիմում հղեց ռայխստագին՝ պահանջելով ձեռք առնել անհրաժեշտ միջոցներ հայերի ցեղասպանությանը վերջ տալու համար: Այս դիմումը ևս մնաց անհետևանք:

Գերմանա-հայկական ընկերությունը նշանակալի գործ կատարեց՝ հավաքելով և հրապարակելով փաստաթղթեր Թուրքիայամ հայերի կացության, ցեղասպանության, այդ խնդրում Գերմանիայի դերի ու դիրքորոշման վերաբերյալ: Ընկերությունը գոյատևեց մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը:

Ս. Ստեփանյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am