ՉԻՉԵՐԻՆ ԳԵՈՐԳԻ Վասիլևիչ (1872-1936 թթ.), ռուս  դիվանագետ: ՌԿ(բ)Կանդամ: 1918 թ.՝  ՌԽՖՍՀ արտաքին գործերի  ժողկոմի  տեղակալ,  1918-30 թթ.՝ ՌԽՖՍՀ (1923 թվականից՝  ԽՍՀՄ)  արտգործ ժողկոմ: Ստորագրել է 1918 թ. Բրեստի  հաշտության պայմանագիրը  Գերմանիայի  հետ:  Ղեկավարել է խորհրդային պատվիրակությունը   ռուս-թուրքական և ռուս հայկական   բանակցություններում (տե՛ս Շանթի  առաքելությունը): Ջանքեր է գործադրել՝ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և  Թուրքիայի միջև,  նշել,  որ  բարեկամական հարաբերությունները Խորհրդային  Ռուսաստանի  և Թուրքիայի միջև հնարավոր են այն պայմանով,  եթե  Թուրքիայի  և հայ  ժողովրդի միջև «հաստատվի փոխադարձ  սահմանազատում, դադարի փոխադարձ ջարդը...»:  Հայաստանի և Ադրբեջանի  միջև սահմանազատման խնդիրը քննելով՝ Չիչերինը գտնում էր, որ անհրաժեշտ  է,  որպեսզի Խորհրդային Ռուսաստանը վարի «բացարձակ օբյեկտիվ և խիստ անկողմնակալ» քաղաքկանություն, պահանջում էր չափավորել Խորհրդային     Ադրբեջանի  նկրտումները Հայաստանի հողերի  նկատմամբ:  «Խլել    Հայաստանից   որևէ մաս և մեր ձեռքով  տալ  Ադրբեջանին   դա  կնշանակեր  կատարյալ  կեղծ երանգ տալ  մեր  ամբողջ քաղաքականությանը Արևելքում»: Չէր բացառում  Խորհրդային  Ռուսաստանի և  Հայաստանի Հանրապետության միջև  բարեկամական  հարաբերություններ հաստատելու  հնարավորությունը:  Սակայն  որոշ պարագաների բերումով, այդ թվում՝  Խորհրդային  Ռուսաստանի  մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ,  չհաջողվեց  արդար  խաղաղություն հաստատել Կովկասում, ճիշտ լուծել տարածքային սահմանազատման  խնդիրները:

 Հ. Լիլոյան

 

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996 թ.:

Հարութունյան Բ., ՀՀ Սահմանների խնդիրը ՀՀ և ՌԽՖՍՀ միջև կնքված պայմանագրերում, Երևան: 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am