Գաղթականներ հայ. Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ շրջանների բնիկները, որոնք, ենթարկվելով թուրքական իշխանությունների հալածանքներին, ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ հարկադրված լքել են իրենց հայրենի բնակավայրերը և ապաստան փնտրել օտարության մեջ: Գաղթականության առաջին ալիքը բարձրացավ XIX դ. վերջին, երբ թուրքական կառավարությունը, ճնշելով 1894-ի Սասունի ապստամբությունը, ձեռնամուխ եղավ հայերի զանգվածային կոտորածների: Մուշից, Վանից, Կարինից, Բիթլիսից, Խնուսից, Կ. Պոլսից, Տրապիզոնից և այլ վայրերից գաղթածները հիմնականում բնակություն են հաստատել Նախիջևանի, Երևանի, Սուրմալուի, Էջմիածնի գավառներում, Կարսի մարզում, Սևծովյան երկրամասում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում. Բաքվում, Նուխիում, Ելիզավետպոլում, Բաթումում, Նովոռոսիյսկում, Եկատերինոդարում, մի զգալի մասն անցել է ավելի հեռու՝ Անդրկասպյան երկրամաս, Հվ. Ռուսաստան, մի մասն էլ՝ Ֆինլանդիա և եվրոպական այլ երկրներ: Միայն Վասպուրականից այդ ժամանակաշրջանում այլ երկրներ են գաղթել 40000 հայեր: Արևմտահայերի հարկադիր արտագաղթը շարունակվել է նաև հետագա տարիներին: 1900-ական թթ. սկզբին ուժեղացել է գաղթը Քըղիի, Գյումուշխանեի, Տրապիզոնի, Սամսունի կողմերից՝ դեպի Բաթում, Սուխում և Կովկասի այլ քաղաքներ: Ընդհանուր առմամբ XIX դ. վերջին և XX դ. սկզբին Արևմտյան Հայաստանից և Թուրքիայի հայաբնակ շրջաններից Ռուսաստան, Պարսկաստան, Բալկանյան երկրներ, Ֆրանսիա, Անգլիա, Ամերիկա են գաղթել մոտ 290 հզ. հայեր: Գաղթականների մեծ մասը հայտնվել է թշվառ ու անօգնական վիճակում, առանց գոյության միջոցների: Նրանց օգնելու նպատակով ինչպես Անդրկովկասում և Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրների հայաբնակ վայրերում կազմակերպվել են բարեգործական ընկերություններ: Հատկապես շոշափելի աշխատանք է կատարել Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը, որն իր բաժանմունքներն ուներ երկրամասի հայաշատ քաղաքներում: Հանգանակություններ են կազմակերպվել Կ. Պոլսում, Վարշավայում, Գալիցիայում, Բուկովինայում, Պետերբուրգում, Ալեքսանդրիայում, Իտալիայում: Արևմտյան Հայաստանում, որտեղ չկային բարեգործական ընկերություններ ու հասարակական կազմակերպություններ, օժանդակությունը գաղթականներին իրականացվել է հայ հոգևոր առաջնորդարանների միջոցով: Օգնել են նաև Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում հաստատված կաթոլիկ և բողոքական միսիոներներն ու նրանց կազմակերպությունները: Ռուսաստանի կառավարությունը որոշ օժանդակություն է ցույց տվել իր կայսրության սահմաններում տեղավորված և ռուսահպատակություն ընդունած գաղթականներին: Միևնույն ժամանակ չի խոչընդոտել իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալ ցանկացողներին: Մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը առաջին ալիքի գաղթած զգալի թվով հայեր վերադարձել են Արևմտյան Հայաստան: Սակայն օսմանյան կառավարությունը հարուցել է բազում դժվարություններ՝ խափանելու հայերի սահմանն անցնելը: Այդ առթիվ արևմտահայ գաղթականները քանիցս դիմում-բոդոք են ներկայացրել մեծ տերությունների կառավարություններին ու խնդրել նրանց օգնությունը:

Գաղթականության նոր հզոր ալիքը պայմանավորված էր 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում երիտթուրքական կառավարության ձեռնարկած՝ հայերի զանգվածային ջարդերով ու տեղահանությամբ (տե՛ս Մեծ եղեռն): Բազմաթիվ արևմտահայեր և պարսկահայեր գաղթեցին ինչպես Մերձավոր ու Միջին Արևելքի և եվրոպական երկրներ, այնպես էլ ռուսական պետության ներքին շրջաններ: Առաջին գաղթականներն էին 1914-ի նոյեմբերի 22-24-ին Բասենի թուրքական շրջաններից Բասենի ռուսական տարածք տեղափոխվածները: Մինչև 1914-ի վերջը մեծ թվով հայեր թողեցին Նարիմանի, Բայազետի, Դիադինի, Կարաքիլիսայի, Ալաշկերտի, Բաշկալեի գավառները, ինչպես նաև Կարսի մարզը (Կաղզվան, Արդահան, Օլթի և Արդվին), Անդրկովկասում ապաստանեցին համապատասխանաբար 33078 (2124 տուն) և 9534 (1411 տուն) գաղթականներ: Ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Ատրպատականի ռուսական զորամասի նահանջի ժամանակ, գործող բանակի հետ միասին գաղթեց նաև Պարսկաստանի քրիստոնյա ազգաբնակչության մի մասը՝ թվով 44 հզ. հոգի, որից 24 հզ-ը՝ հայեր: Սակայն ռուսական սահմանն անցան և Արևելյան Հայաստանում հանգրվանեցին 7226 (1281 տուն) հայ գաղթականներ: 1915-ի հունվարի 30-ի գաղթականական վիճակագրության համաձայն, 1914-ի վերջին և 1915-ի սկզբին Արմ. Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49,8 հզ. հայեր: Սակայն, ռուսական զինվորական պաշտոնական տվյալների համաձայն, գաղթածներից միայն 30 հզ. է մնացել Կովկասում, մնացածները կրկին վերադարձել են իրենց բնակության վայրերը:

Կովկասյան ճակատում ռազմական դրության փոփոխությունը պատճառ դարձավ արևմտահայերի նոր զանգվածային գաղթի: 1915-ի փետրվար-մայիս ամիսներին ռուսական բանակի գործողությունները ընթանում էին Արևմտյան Հայաստանի տարածքում: Հետապնդելով նահանջող թշնամուն՝ ռուսական բանակը գրավեց Մանազկերտը, Բաշկալեն, Շատախը, Կոտուրը, Արճեշը և Վանը: Սակայն շուտով ռուս. Կովկասյան 4-րդ բանակը, անհասկանալի պատճառներով, նահանջեց դեպի Ալաշկերտի հովիտը, ինչի հետևանքով կոտորածներից մազապուրծ հարակից շրջանների (գլխավորապես՝ Վան-Վասպուրականի) հայ բնակիչները հարկադրված, վերստին բնավեր, ռուսական զորքի հետ իրենք էլ նահանջեցին: Հուլիսյան այդ դժնդակ օրերին գաղթեցին շուրջ 271888 արևմտահայեր (ըստ Անրի Բարբիի տվյալների՝ 207473 հոգի): Գաղթականների 55 %-ը՝ իգական, 10 %-ը՝ արական սեռի ներկայացուցիչներ էին, 30 %-ը՝ երեխաներ, 5 %-ը՝ ծերեր: 1916-ի ամռանը տեղահան եղան Վասպուրականի, Մուշի, Բիթլիսի և Արևմտյան Հայաստանի այլ շրջանների ևս 50 հզ. Գաղթականներ, որոնց գումարվեցին 1916-ի նոյեմբերին գաղթած 16 հզ. հայերը: 1914-17-ի մի շարք գաղթերի հետևանքով Արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչության, որն արդեն նոսրացել էր ջարդերի ու տեղահանության հետևանքով, թվաքանակը ավելի նվազեց: Ըստ էության, Արևմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ բնակչությունից՝ հայերից: 1916-ի դեկտեմբերի վիճակագրությամբ Կովկասում ապաստան էին գտել 373553 գաղթականներ: Օգնություն կազմակերպելու նպատակով, պատերազմի տարիներին ստեղծվեցին բազմաթիվ գաղթականական կոմիտեներ, շատ բարեգործական կազմակերպություններ էլ վերակազմեցին իրենց գործունեությունն այդ ուղղությամբ: 1915-ի օգոստոսի 30-ին ցարական կառավարությունը հրապարակեց մի օրինագիծ, որը գործողության մեջ դրեց «Գաղթականների վիճակի ապահովման միջոցառումների վերաբերյալ կանոնադրությունը»: 1915-ի հոկտեմբերի 19-ին, Կովկասի փոխարքային կից ստեղծվեց Կովկասյան ճակատի գաղթականների տեղավորման գլխավոր լիազորի հատուկ գրասենյակ: 1915-ի հոկտ. 29-ին հրապարակվեց ներքին գործերի նախարարության հաստատած՝ «Կայսրության ներսում գաղթականների տեղավորման գլխավոր լիազորների հրամանը», որը 1915-ի նոյեմբերի 5-ին վավերացրեց Կովկասի փոխարքա գեն-համհարզ Նիկոլայ Նիկոլաևիչը: Գլխավոր լիազոր նշանակվեց գեն-մայոր Ա. Թամամշևը (Թամամշյան): Սակայն ռուսական իշխանությունները ի վիճակի չէին (և չէին էլ ուզում) բավարարել գաղթականության բոլոր պահանջները: Եվ գաղթականների բազմաթիվ և բազմաբնույթ կարիքներն ու հոգսերը հոգալու աշխատանքը հիմնականում կատարեցին հայկական բարեգործական և նման այլ կազմակերպություններ: Նրանց բոլորի ջանքերը միավորելու նպատակով էջմիածնում (1915-ի մարտ) և Պետրոգրադում (1916-ի մայիս) հրավիրվեցին Հայ գաղթականների համագումարներ, 1917-ի մայիսին Երևանում հրավիրվեց Արևմտահայերի համագումար (առաջին), որն ընտրեց Արևմտահայ խորհուրղ և բյուրո: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարությունն իրականացրեց մի շարք միջոցառումներ, որոնք փոքր-ինչ հնարավորություն ստեղծեցին արևմտահայ գաղթականների համար՝ վերադառնալու իրենց բնակության վայրերը: Սակայն Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո ռուսական զորքերը թողեցին Արևմտյան Հայաստանը, և թուրքերը, խախտելով Երզնկայի զինադադարը (1917), ամբողջ ճակատով անցան հարձակման՝ ոչ միայն Արմ. Հայաստանը վերագրավելու, այլև ամբողջ Անդրկովկասը գրավելու մտադրությամբ: Արշավանքի հետևանքով գաղթականների մի մասը, որոնք վերադարձել էին իրենց տները, նորից կոտորվեց, մի մասն էլ նորից փախավ: Հայաստանի Հանրապետության տարածքում կուտակվել էին մի քանի հազար գաղթականներ և որբեր, որոնք մահանում էին համաճարակներից, սովից ու զրկանքներից: 1920-ի թուրք-հայկական պատերազմի ժամանակ թուրք զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլի գավառը, որի բնակչության զգալի մասը և այնտեղ հավաքված գաղթականներին փրկվելու համար ստիպված էին փախչել: Գաղթականների մի նոր ալիք էլ առաջացավ 1919-21-ին, երբ երիտթուրքական և քեմալական հայաջինջ քաղաքականության հետևանքով հայազրկվեց նաև Կիլիկիան: Ֆրանսիայից լքված, բախտի քմահաճույքին հանձնված կիլիկեցի հայերի մի մասին կոտորեցին թուրքերը, փրկվածներն էլ հեռացան հարազատ վայրերից: Թուրքական իշխանությունների իրագործած ջարդերի ու տեղահանությունների հետևանքով գաղթերից հետո Արմ. Հայաստանը, Կիլիկիան, Թուրքիայի հայաբնակ շրջանները ամբողջովին զրկվեցին բնիկ հայ ժողովրդից: Գաղթականները, որոնց թիվը կազմում էր շուրջ 800 հզ., սփռվեցին աշխարհով մեկ՝ ստվարացնելով տարբեր երկրներում գոյություն ունեցող հայ համայնքները: Գաղթականների կարգավիճակը քննվել է Ազգերի լիգայում (տե՛ս Ազգերի լիգան և Հայկական հարցը), որից հետո հայ գաղթականների մի մասը ստացել է այսպես կոչված, «Նանսենյան անձնագրեր» 1920-40-ական թթ ընթացքում շուրջ 150 հզ. հայ հայրենադարձվել է Խորհրդ. Հայաստան:

Ա. Հարությունյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

«Հայ ժողովրդի պատմություն», հ. 6, Ե., 1981 Ադո, 

«Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թթ», Ե., 1917: Ի շ խ ա ն յ ա ն Բ, «Աղետի և տառապանքի աշխարհից (այց թուրքահայ փախստականներին)», Թ., 1915 Թառոյան Կ.,  

«Արևմտահայ գաղթականությունը և նրա վիճակը 19-րդ դարի 90-ական թվականների վերջերին և 20-րդ դարի սկզբներին», ԲՀԱ, 1974, N 3: 

՛՛Братская помощь пострадавшим в Турции армянам՛՛, М, 1898; 

՛՛Асланян С., Среди беженцев /.Личные впечатления/՛՛, Астрахань, 1915; 

 

՛՛Руководящие положения по устройству беженцев՛՛. П., 1916.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am