Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին

«ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԵՐԻՆ», ("Братская помощь пострадавшим в Турции армянам"), գրական-գիտական ժողովածու, հրատարակվել է 1897-ին, Մոսկվայում (2-րդ հրտ., մշակված և լրացված, 1898) հրապարակախոս և հասարակական գործիչ Գ. Ջանշյանի (Ջանշիև) նախաձեռնությամբ: Ժողովածուի վաճառքից ստացված եկամուտը պետք է հատկացվեր Թուրքիայում 1894-96-ի կոտորածներից տուժած հայերին:

Ժողովածուն բաղկացած է ներածությունից ու երկու բաժնից: Ներածականի մեջ ամփոփված են հայ փախստականների վիճակի ու հայ որբերին օգնելու վերաբերյալ հոդվածներն ու նյութերըՀանդիպում հայ վերաբնակների հետ», «Պաշտոնական տվյալներ թուրքական վայրագությունների մասին» ևն):

Առաջին բաժնում զետեղված են ընդհանուր բնույթի գրական ու գիտական հոդվածներ, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված ուսումնասիրություններ, որոնք տպագրելով ժողովածուի խմբագրությունը հետամուտ էր ծանոթացնել ռուս հասարակայնությանը հայ ժողովրդի անցյալին ու ներկային: Հոդվածների մի զգալի մասը, որ գրվել էր հատկապես ժողովածուի համար, հրատարակվել է առաջին անգամ: Հեղինակներն էին ռուս գիտնականներ Կ. Տիմիրյազևը, Մ. Նիկոլսկին, Յու. Վեսելովսկին, Մ. Կովալսկին, Պ. Միլյուկովը, բանաստեղծներ ու գրողներ Կ. Բալմոնտը, Դ. Մամին-Սիբիրյանը, Վ. Կորոլենկոն, Վ. Գիլյարովսկին, նաև հայ գիտնականներ ու հրապարակախոսներ Գ. Խալաթյանցը, Լ. Մսերյանցը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Խախանովը, Մ. Բերբերյանը և ուրիշներ: Բաժնում տրված են հայ մշակույթի գործիչներ Պ. Ադամյանի, Հ. Այվազովսկու, հայագետ-գիտնականներ Մ. Էմինի, Գ. Պատկանյանի, ռուսական բանակի հայ գեներալներ Հ. Լազարևի, Ա. Տեր-Ղուկասովի, Մ. Լորիս-Մելիքովի, Բ. Շելկովնիկովի մասին նյութեր, Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի հայ համայնքների, հայ եկեղեցու, հայ գրականության պատմության ևնի վերաբերյալ նյութեր:

Ժողովածուի երկրորդ բաժինը պարունակում է անմիջապես Թուրքիայի հայ բնակչության վիճակին ու 1894-86-ի կոտորածներին վերաբերող նյութեր: Ժողովածուի կազմողները ճիշտ ժամանակին թարգմանել ու ռուս հասարակայնության ուշադրությանն են ներկայացրել իռլանդացի լրագրող Էմիլ Դիլոնի «Իրադրությունը Թուրքահայաստանում» աշխատությունը, ֆրանսերեն «Դեղին գրքի» վավերագրական նյութերը, ֆրանսերեն հեղինակ Վիկտոր Բերարի «Կոստանդնուպոլսի օգոստոսյան սպանությունները» (խոսքը Կ. Պոլսի հայության 1896-ի օգոստոսյան ջարդերի մասին է) հոդվածները, ինչպես նաև հայկական կոտորածների ականատեսների մի շարք վկայութուններ:

Ժողովածուն բովանդակում է Հ. Այվազովսկու չորս նկարներ, որոնցից երկուսը պատկերում են 1894-96-ի ողբերգական իրադարձությունները (չեն պահպանվել): Ժողովածուի գեղարվեստական ձևավորմանը մասնակցել է Վ. Սուրենյանցը:

Ժողովածուն լավ ընդունվեց ռուս հասարակայնության կողմից: Նրա տարածումից ստացված միջոցներով Արևմտյան Հայաստանում բացվեցին որբանոցներ:

Կ. Խուդավերդյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am