ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» (18 հունիսի 1987): Եվրոպական խորհրդարանը (Եվրոխորհրդարան) Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ) ղեկավար մարմիններից է, ստեղծվել է 1957-ի Հռոմի պայմանագրով և օժտված է խորհրդատվական իրավունքով: Օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի, բայց կարող է հանձնարարականներ մշակել ընդհանուր քաղաքական հարցերի վերաբերյալ: Ունի 434 պատգամավոր, որոնք ընտրվում են 5 տարին մեկ ընդհանուր ուղղակի ընտրությունների միջոցով: Խորհրդարանում ֆրակցիաները կազմված են կուսակցականության սկզբունքով: Միջխորհրդարանային կապեր է պահպանում տարբեր ազգությունների (այդ թվում և ԽՍՀՄ-ի (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն)) հետ: Նստաշրջանները տեղի են ունենում Ստրասբուրգում (Ֆրանսիա), Լյուքսեմբուրգում, Բրյուսելում (Բելգիա):

 Հայերի ցեղասպանության հարցը Եվրոխորհրդարանում սկսել է քննարկվել 1983-ի սեպտեմբերի 19-ից, երբ սոցիալիստական ֆրակցիայի ներկայացուցիչներ Պաուլա Դյուպորը (Ֆրանսիա) և  Էռնեստ Գլինը (Բելգիա) քննարկման ներկայացրին Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ օրինագիծ: 1984-ի հունվարի 22-ին այն քննարկվեց Եվրոխորհրդարանի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում: Օրինագծում մատնանշվում էր, որ Եվրոխորհրդարանը «ԵՏՀ-ի (Եվրոպական տնտեսական համագործակցություն) նախարարների խորհրդից պահանջում է.

ա) հայտարարել ցեղասպանությունը ճանաչելու մասին,

բ) հասնել այն բանին, որպեսզի թուրքական կառավարությունն ընդունի 1915-ի ցեղասպանության պատմական փաստը,

գ) համոզել Թուրքիայի կառավարությանը, որ թուրք-հայկական խնդրի արդարացի ու հիմնավոր լուծումը հնարավոր է միայն քաղաքական երկխոսության միջոցով,

դ) հասնել նրան, որ ՄԱԿ-ը (Միացյալ Ազգերի Կազմակերպություն) նույնպես ընդունի նույնանման հայտարարություն»:

Քննարկման ժամանակ Հանձնաժողովի որոշ անդամներ առաջարկեցին տվյալ հարցըն ընդգրկել Թուրքիայի վերաբերյալ Եվրոխորհրդարանին ներկայացվելիք ընդհանուր զեկուցագրի մեջ: Սակայն Թուրքիայի կողմից ԳՖՀ (Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն) կառավարության վրա գործադրված դիվանագիտական ճնշման հետևանքով ԳՖՀ-ից  ընտրված պատգամավորները առաջարկեցին և հասան այն բանին, որ Հանձնաժողովը հետաձգի տվյալ օրինագծի քննարկումը մինչև 1984-ի հունիսը` խորհրդարանական ընտրությունների ավարտը: 1984-ի հոկտեմբերի 16-ին սոցիալիստական ֆրակցիայի նախագահ Անրի Սաբին (Ֆրանսիա), քաղաքական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ժիզել Շարզատը, Էռնեստ Գլինը և ուրիշներ կրկին Եվրոխորհրդարանի քննարկմանը ներկայացրին Հայկական հարցի մասին օրինագիծը: 1984-ի դեկտեմբերին Հանձնաժողովը հանձնարարեց Էթնիկական խնդիրների հայտնի մասնագետ Ժակ Վանդեմյոլբրուքին (Բելգիա) համակողմանիորեն դիտարկել հարցը և նախապատրաստել համապատասխան զեկուցագիր: Աշխատանքի ընթացքում նա ենթարկվեց թուրք պաշտոնատար անձանց ու լրագրողների ուժեղ ճնշմանը: Թուրքիայի պրեմիեր մինիստր Թուրգութ Օզալը հանդես եկավ հայտարարությամբ, որով նա սպառնում էր վերանայել Թուրքիայի տնտեսական քաղաքականությունը այն երկրների հետ, որոնց ներկայացուցիչները դեմ կլինեն Թուրքիայի` Եվրոխորհրդարան մտնելուն: 1985-ի դեկտեմբերին Ժ. Վանդեմյոլբրուքը զեկուցագիրը հանձնեց Հանձնաժողովի քննարկմանը: Միաժամանակ գիտության ու մշակույթի մի շարք ականավոր գործիչներ դիմեցին Ֆրանսիայի պրեզիդենտ Ֆրանսուա Միտերանին` խնդրելով հայերի ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ ներկայացնել Եվրոպական խորհրդի հերթական նիստին (Լյուքսեմբուրգում): Դիմումը ստորագրել էին Ալբերտո Մորավիան (Իտալիա), խաղաղության նոբելյան և լենինյան մրցանակների դափնեկիր Շոն Մաք Բրայդը (Իռլանդիա), նոբելյան մրցանակների դափնեկիրներ Ադոլֆո Պերես Էսքիվելը (Արգենտինա), Ջորջ Ուայլդը (ԱՄՆ) և ուրիշներ: 1986-ի փետրվարին հարցի քննարկումը կրկին հետաձգվեց Հանձնաժողովի անդամների կողմից տեքստում բազմաթիվ ուղղումներ մտցնելու պատրվակով, ընդսմին 32 ուղղումներից 21-ը ներկայացրել էին ԳՖՀ-ի և Դանիայի պատգամավորները: Վերջապես 1987-ի փետրվարի 25-ին Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ (25 կողմ, 23 դեմ) հավանություն տվեց ներկայացված օրինագծին: 1987-ի հունիսին Եվրոխորհրդարանի պատգամավորներին դիմեց «Ֆրանսիահայկական համերաշխություն» հասարակական կազմակերպությունը, որի կոչի տակ իրենց ստորագրություններն էին դրել գրողներ Ֆրանսուազ Սագանը, Էժեն Իոնեսկոն և Անրի Թրուայան, երգիչ Շառլ Ազնավուրը, պատմաբան Իվ Տերնոնը, նոբելյան մրցանակի դափնեկիրներ Անդրեյ Լվոֆն ու Լուի Նոելը և ուրիշներ: Նրանք խորհրդարանին կոչ էին անում «որպես ցեղասպանություն որակել բնաջնջման այն ծրագիրը, որն իրականացվել էր հայերի նկատմամբ, և այդպիսով տեղ հատկացրել մարդկության ու Եվրոպայի հիշողության մեջ նրանց, ովքեր դեռևս գերեզման չունեն այս աշխարհում»: Օրինագիծը մտցվեց Եվրոխորհրդարանի նստաշրջանի օրակարգի մեջ, որը տեղի ունեցավ 1987-ի հունիսի 15-19-ը Ստրասբուրգում: Հարցի առթիվ նախաձեռնությամբ հանդես եկան կոմունիստական և սոցիալիստական ֆրակցիաները. հունիսի 18-ին Եվրոխորհրդարանը 68 կողմով և 60 դեմով հավանություն տվեց «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևին:

     Փաստաթղթի ներածականում նշվում էր«որ թուրքական կառավարությունը, մինչև օրս հրաժարվելով ընդունել 1915-ի ցեղասպանությունը, դրանով շարունակում է հայ ժողովրդին զրկել սեփական պատմություն ունենալու իրավունքից. .., որ հայերի պատմականորեն ապացուցված ցեղասպանությունը մինչև օրս չի ստացել ո՛չ քաղաքական դատապարտում, ո՛չ համապատասխան հատուցում. .., որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը հետայսու կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական ռեաբիլիտացիայի խորապես մարդկային քայլ, որը միայն պատիվ կբերի թուրքական կառավարությանը»: Բանաձևի առավել կարևոր դրույթներից է հետևյալ կետը«Օսմանյան կայսրության մեջ հայ բնակչության հանդեպ 1915-17-ին գործադրված ողբերգական իրադարձությունները համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի, հանդիսանում է ցեղասպանություն»: Եվրախորհրդարանը Եվրոպական խորհրդից պահանջում էր ճնշում գործադրել թուրքական ներկա կառավարության վրա 1915-17-ին կազմակերպված հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար և նպաստել Թուրքիայի և հայերի լիազոր ներկայացուցիչների միջև քաղաքական երկխոսություն հաստատելու գործին: Նշվում էր, որ ԵՏՀ-ի մեջ Թուրքիայի ընդունումը ուղղակի կախման մեջ է հայերի ցեղասպանության փաստի ընդունման հարցում նրա կառավարության դիրքորոշումից: Բանաձևի համաձայն ԵՏՀ-ի մեջ Թուրքիայի մտնելու համար խոչընդոտ կլինեն նաև «Հունաստանի հետ վիճելի հարցերի լուծման ժամանակ միջազգային իրավական նորմերի կիրառումից նրա հրաժարումը,  թուրքական օկուպացիոն զորքերի ներկայությունը Կիպրոսում, ինչպես նաև քրդական իրադարձությունների ժխտումը»: Մատնանշվում էին մարդու իրավունքների խախտումները, ժողովրդավարության բացակայությունը Թուրքիայում: Բանաձևը պահանջում էր, որ Թուրքիայում ապրող հայկական փոքրամասնության նկատմամբ արդարացի վերաբերմունք լինի նրա ազգային ինքնատիպության, լեզվի, դավանանքի, մշակույթի և կրթական համակարգի հարցում…»: Որոշակի տեղ էր տրվում պատմական հուշարձանների պահպանությունը բարելավելու անհրաժեշտությանը: Եվրոխորհրդարանը ԵՏՀ անդամ երկրներին կոչ էր անում հռչակել «20-րդ դարում գործադրված ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակի օր», մասնավորապես այն հանցանքների, որոնց զոհերը դարձան հայերն ու հրեաները: Այդ առթիվ կառավարական հայտարարության մեջ, որը տարածեց ԵՏՀ-ին առընթեր թուրքական մշտական պատվիրակությունը,Բանաձևը բնութագրվում էր որպես «կողմանակալ» ու «ռասիստական» փաստաթուղթ` ատելությամբ լի թուրք ժողովրդի հանդեպ, որը մերժում է թուրքական կառավարությունը: 1987-ի օգոստոսի 10-ին ամերիկյան «Թայմ» շաբաթահանդեսը թուրքական 13 ընկերակցությունների «Ուղերձը Եվրոպական խորհրդարանի անդամներին», որում իր արտահայտությունն էր գտել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ թուրքական պաշտոնական պատմագրության և քարոզչության կողմից առավելապես կեղծված ու խեղաթյուրված այն տեսակետը, թե հայերը դարձել են պատերազմական անհրաժեշտությամբ իրականացված տեղահանության ու հիվանդությունների զոհ, և ոչ մի ցեղասպանություն էլ չի գործադրվել նրանց նկատմամբ

Եվրոխորհրդարանի բանաձևը միջպետական կազմակերպության կողմից ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որի մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքական կառավարության հանցավոր գործողությունները Օսմանյան կայսրության հայ բնակչության նկատմամբ որակվում են որպես ՄԱԿ-ի 1948-ի ցեղասպանության հանցագործությունը  կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով սահամանված ցեղասպանության դրսևորում:

 

 Ա. Կիրակոսյան

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ. 

Киракосян Дж. С., "Младотурки перед судом истории", 2-ое изд., Е., 1989.  

Киракосян Дж., Сафрастян Р. А. " О решении Европейского парламента по вопросу геноцида армян", ԲՀԱ, 1988 N 2, ц. 54-58.

 

Parlament European, Le point de la session, Strasbourg, 15-19 Juin, 1987, Doc. A 2-33/87, p. 41-43.

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am