«ԵՐԿՐԻ ՁԱՅՆԸ», գրական, հասարակական-քաղաքական շաբաթաթերթ: Հրատարակվել է Թիֆլիսում, 1906-08-ին: Խմբագիր-հրատարակիչ՝ Զավեն Տիգրան: Նյութերն ամբողջովին նվիրված են Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի կացությանը: Հակադրվել է հայ քաղ կուսակցությունների ազատագրական պայքարի դիրքորոշմանը՝ պաշտպանելով Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդների համատեղ հեղափոխական շարժման գաղափարը, դասակարգային պայքարը համարել ազգայինից առաջնային: Թուրքիայում հասարակական հեղափոխության հաղթանակը կապել է Ռուսաստանի և Իրանի հեղափոխությունների հաջողության հետ: Անտեսելով Արևմտյան Հայաստանում հեղափոխական պայքարի առանձնահատկությունները՝ հավատացել է կայսրության ժողովարդներին իրենց շուրջ համախմբելու երիտթուրքական գործիչների կոչերին: Ժխտելով հայ ազգային շարժումը՝ «Երկրի ձայնը» բանավիճել է հնչակյանների և դաշնակցականների հետ, չի ընդունել նրանց ընկերավարական բնույթը, նրանց համարել ազգայնականներ, Հայկական հարցը դիտել է իբրև զուտ ազգային հասկացություն, թերագնահատել նրա միջազգային նշանակությունն ու արժեքը:

Սոցիալ-դեմոկրատական ընդհանուր սխեմաների ու կարգախոսների անքննադատ կիրառմամբ համահարթեցրել է Եվրոպայի, Ռուսաստանի և Օսմանյան կայսրության տնտեսական ու քաղաքական իրականությունը:

Ա. Խառատյան

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am