«ԵՐԿԻՐ», հասարակական-քաղաքական, տնտեսական և գրական շաբաթաթերթ: Հնչակյան կուսակցության օրգան: Հրատարակվել է Ադաբազարում և Կ. Պոլսում, 1910-11-ին: Արտոնատեր՝ Մ. Թերզյան, խմբագիրներ՝ Ասո (Տ. Օտյան), Ա. Կենճյան, Բանվոր (Ե. Թոփուզյան): Քարոզել է ցարիզմի և թուրքական բռնատիրության դեմ ազգային հեղափոխության գաղափարը: Քննադատել է «Հայաստանն առանց հայերի» ռուսական հետադիմական քաղաքականությունը, հանդես եկել հօգուտ Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության իրավունքի, դատապարտել երիտթուրքական կառավարության հակահայկական ձեռնարկումները, մասնավորապես՝ հայ գյուղացիության հողազրկման ասպարեզում: «Երկիր» ժողովրդի տնտեսական ինքնուրույնությունից է բխեցրել քաղաքական անկախությունը, անդրադարձել է հայաբնակ գավառների տնտեսական և հասարակական կացությանը, մասամբ՝ քաղաքների բանվորությանը հետաքրքրող խնդիրներին: Հեղափոխական պայքարի քարոզին զուգընթաց միամտորեն ակնկալել է Օսմանյան կայսրության վերածնվելը «նորագույն պետության... ուր տիրեր բաղկացուցիչ ազգերի հավասարությունը և եղբայրակցությունը»:

Ա. Խառատյան

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am