ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1896-97, տեղի է ունեցել Կ. Պոլսում, 1896-ի դեկտեմբեր-1897-ի փետրվարին՝ Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ Կ. Պոլսում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ՝ 1894-96-ի հայկական կոտորածների պատճառով մերձավորարեվելյան ճգնաժամի կապակցությամբ: Նախաձեռնել էր Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որը 1896-ի հոկտեմբերի 20-ին շրջաբերականով դիմել էր եվրոպական տերություններին՝ համատեղ գործողություններով Հայկական հարցը լուծելու անհրաժեշտության հորդորանքով: Առաջին նիստում ռուսական դեսպան Ա. Ի. Նելիդովը պնդեց նախ և առաջ Մակեդոնիայի խնդիրը կարգավորելու անհրաժեշտությունը: Անգլիական դեսպան Ֆիլիպ Քարրին և Ավստրո-Հունգարիայի դեսպան Հենրիխ Կալիցեն անհանգստացած, որ մակեդոնական հարցի լուծումը կարձակի Ռուսաստանի ձեռքերը Բալկաններում հետագա գործողությունների համար, համոզեցին մյուս տերությունների դեսպաններին՝ կոնֆերանսի օրակարգի հարց դարձնել Օսմանյան կայսրության ընդհանուր դրությունը: Կոնֆերանսը սկսվելու հաջորդ օրը հայ հեղափոխականները, որոնք համոզված Էին, թե կոնֆերանսի հաջող ելքը կախված է ռուսական կառավարության դիրքորոշումից, սպառնացին պայթեցնել Կ. Պոլսի ռուսական դեսպանատունը՝ եթե երեք ամսում բարենորոգումներ չմտցվեն Արևմտյան Հայաստանում: 1897-ի հունվարի 6-ին Ֆ. Քարրին հայտնեց իր կառավարությանը, որ ձեռնպահ է մնում կոնֆերանսում սեփական առաջարկներից, որոնք կարող են հանգեցնել դեսպանների պառակտմանը: Կոնֆերանսում Ավստրո-Հունգարիան փորձում էր պայմանավորվել Ռուսաստանի հետ՝ ձեռնարկել գործուն քայլեր Կ. Պոլսում հայերի հնարավոր նոր ջարդերը կանխելու համար: Որոշվեց, որ ճգնաժամային իրադրության կրկնության և կարգուկանոնը անհապաղ վերականգնելուց սուլթանական կառավարության հրաժարվելու դեպքում ռուսական և ավստրո-հունգարական ռազմանավերը պետք է մարտակարգ ընդունեն սուլթանական պալատի դիմաց ու հարկ եղած դեպքում կրակ բացեն: Հունվարի 19-ին դեսպանները համաձայնեցին, որ Օսմանյան կայսրության ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական մասերում բարենորոգումներ անցկացնելու համար անհրաժեշտ է ստեղծել երկու առանձին միջազգային հանձնաժողովներ, որ ծագած խնդիրների միակ հնարավոր լուծումը սուլթանի բռնապետական իշխանության սանձահարումն է: Օսմանյան կայսրության փրկության համար դեսպանները որոշեցին ստեղծել մի մշտական հանձնաժողով՝ կազմված թուրքական և եվրոպական անդամներից, որն ուսումնասիրեր կայսրության ֆինանսիական վիճակը, նախապատրաստեր բյուջեն ևն: 1897-ի փետրվարի 2-ին եվրոպական տերությունների դեսպանաժողովը ավարտեց բարենորոգումների նախագծի քննարկումը: Նախագիծը բաղկացած էր հետևյալ կետերից. 1. հիմնել բարենորոգումների գծով Բարձրագույն խորհուրդ, 2. ստեղծել բարենորոգումների իրականացումը վերահսկող հանձնաժողով, 3. սահմանել վերահսկողություն թուրքական ֆինանսների նկատմամբ, 4. բարեփոխել արդարադատությունը, 5. բարեփոխել ոստիկանությունը, 6. ստեղծել իշխանության տեղական մարմիններ, 7. մամուլի իրավունք:

Այդ նախագիծը, սակայն, մոռացության տրվեց, քանի որ 1897-ի ապրիլին սկսվեց հույն-թուրքական պատերազմը, և եվրոպական տերությունները սուլթանական կառավարության հետ համատեղ հանդես եկան ընդդեմ Կրետե կղզու ապստամբների:

U. Կիրակոսյան

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am