«ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ» ՄԻՋԱԴԵՊ 1896, Կ. Պոլսի օսմանյան բանկի գրավումը (օգոստոսի 14-ին) 31 հայ ֆիդայիների (հնչակյաններ և դաշնակցականներ, Բաբկեն Սյունիի գլխավորությամբ) կողմից՝ եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու և հայկական բարենորոգումների ծրագրի (տե՛ս «Մայիսյան բարենորոգումներ» 1895) իրականացումն արագացնելու նպատակով: Այդ արդարացի պահանջները չբավարարելու դեպքում ֆիդայիներն սպառնամ էին պայթեցնել բանկը (որտեղ պատանդ էին պահվել 150 պաշտոնյաներ ու հաճախորդներ): Բաբկեն Սյունիի նահատակվելուց հետո, ղեկավարությունը իրենց ձեռքն են վերցրել նրա օգնականներ Հրաչը և Արմեն Գարոն, Եվրոպական պետությունների դեսպանների անունից ռուսական դեսպանության թարգման Մաքսիմովը հավաստիացրել է, որ խոստանում են ազդել Բարձր  դռան վրա և իրագործել տալ բարենորոգումները, ինչպես նաև ապահովել ֆիդայիների անվնաս հեռանալը Կ. Պոլսից: Ֆիդայիների և թուրքական ոստիկանների միջև 13 ժամ տևած բախումներից հետո բանկը գրավողները համաձայնել են Մաքսիմովի առաջարկին և, թողնելով բանկը, ֆրանսիական նավով մեկնել արտասահման: Միջադեպը առիթ է ծառայել Կ. Պոլսում և գավառներում հայկական նոր կոտորածների:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am