ԲԱԲԸ ԱԼԻԻ ՑՈՒՅՑ 1895, հայերի քաղաքական խաղաղ ցույց Կ. Պոլսում (սուլթանի նստավայր Բաբը Ալիի շրջակայքում, այստեղից էլ՝ անվանումը) սեպտեմբերի 18-ին՝ ի պաշտպանություն 1895-ի «Մայիսյան բարենորոգումների»: Կազմակերպիչները՝ հնչակյանները (Մ. Հացագործյան, Ա. Կամսարական, Վ. Արզումանյան, Լ. Մկրտչյան և ուրիշներ), թուրքական իշխանություններին և եվրոպական երկրների դեսպաններին նախապես հայտնել էին ցույցի մասին կանխելու համար ցուցարարների նկատմամբ հնարավոր հաշվեհարդարը:    Ցուցարարները (շուրջ 4 հզ. մարդ) «Մայիսյան բարենորոգումների» ոգով կազմել էին մի Փաստաթուղթ՝ վարչատարածքային, տնտեսական, դատաիրավական վերափոխումների պահանջներով: Չնայած ցույցի խաղաղ բնույթին և կազմակերպիչների ձեռնարկած նախազգուշական միջոցներին, թուրքական իշխանությունները արյունալի ջարդ կազմակերպեցին: Թեև ցույցի մասնակիցները դիմադրություն ցույց տվեցին, այնուամենայնիվ, կոտորվեց շուրջ 2 հզ. մարդ: Կ. Պոլսում սկսվեց հայերի կոտորածը: Թուրքական բարբարոսության այդ նոր դրսևորումը առաջ բերեց միջազգային հասարակայնության բողոքը: Եվրոպական պետությունների ճնշման տակ Բ. դուռը 1895-ի հոկտեմբերին հաստատեց «Մայիսյան բարենորոգումները», սակայն այդ փաստաթուղթը մնաց անկատար, իսկ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ վայրերում նոր ուժով բռնկեցին հայերի զանգվածային կոտորածները:

Ռ. Խուրշուդյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am