Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Արևմտահայերի համագումարներ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ 1917, 1919: Առաջին համագումարը (փախստականների համագումար) կայացել է 1917-ի մայիսի 2-11-ին, Երևանում: Մասնակցել է 59 պատգամավոր, մոտ 400 հյուր (քաղաքական կուսակցությունների, հոգևորականության, արևմտահայ գաղթականներին օգնող ռուսական, անգլիական, ամերիկյան հայանպաստ կազմակերպությունների ներկայացուցիչներ): Համագումարի պատվավոր նախագահ է ընտրվել Անդրանիկը: Քննարկվել են արևմտահայերի ֆիզիկական գոյության պահպանման, տնտեսության վերականգման, Արևմտյան Հայաստանի վերաշինմանման, աճող սերնդի կրթության և դաստիարակության հարցերը: Եվ այդ կապակցությամբ միջոցառումների մշակումը համագումարը համարել է Հայկական հարցի լուծման հնարավոր ուղի, քանի որ արևմտահայերի ճակատագիրը դրվում էր որպես Հայկական հարցի մաս: Համագումարն ընդունել է, որ Հայկական հարցի արծարծումը պետք է վստահվի Եվրոպայում հայկական պատվիրակությանը, որի կազմի մեջ մտնում էին նաև արևմտահայեր: Որոշվել է հատուկ հանձնաժողովի հանձնարարել մշակել և ներկայացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումների ծրագիր: Համագումարում ի հայտ են եկել արևմտահայ և արևելահայ կազմակերպությունների միջև եղած տարաձայնությունները: Ընտրվել է Արևմտահայ ազգային խորհուրդ (15 անդամով, որից 8-ը՝ դաշնակցական, մնացածը՝ ռամկավար, հնչակ, ս-դ բոլշևիկներ): Խորհրդի մեջ են մտել Անդրանիկը, Զ. Եսայանը, Ա. Թերզիբաշյանը, Գ. Հայկունին, Լ. Շանթը, Կ. Սասունին, Սեպուհը, Ս. Բորոյանը, Արտ. Դարբինյանը, Հ. Գալիկյանը և ուրիշներ: Համագումարը ողջույնի հեռագիր է ուղարկել Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը, քննարկել Փետրվարյան հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, նպաստել հայ ժողովրդի ուժերի համախմբմանը՝ գաղթականներին օգնելու հարցում, կոչ արել Հայկական հարցի լուծման գործում միասնության և ակտիվ գործողությունների, դատապարտել է թուրքական իշխանությունների կազմակերպած հայկական ցեղասպանությունը: Երկրորդ համագումարը տեղի է ունեցել 1919-ի փետրվարի 6-13 (19-26)-ին: Մասնակցել է 55 պատգամավոր: Քննարկել են արևմտահայ գաղթականների քաղաքական ծրագրերի մշակման, նրանց հայրենիք վերադարձի, ներկայացուցչական մարմին ստեղծելու ևն հարցեր: Համագումարի ընդունած որոշումների վրա իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ կապված Հայկական հարցի լուծման գործում Անտանտի երկրների հետ հույսեր կապելու և հատկապես առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո ստեղծված քաղաքական նոր պայմանների հետ: Համագումարի ելույթներում հույս է հայտնվել նաև, որ հետպատերազմյան պայմաններում Հայկական հարցը կստանա իր արդարացի լուծումը: Ընդունվել է որոշում՝ հարց դնել Փարիզում սկսվող խաղաղության կոնֆերանսի առջև ստեղծել մեկ միասնական հայկական պետություն՝ Արևմտյան Հայաստանի և Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության միավորման ճանապարհով: Որոշվել է մինչ այդ հարցերի լուծումը աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռնարկած միջոցառումներին՝ գաղթականներին օգնություն կազմակերպելու գործում, խնդրել Անդրկովկասում գտնվող դաշնակիցների հրամանատարությանը օգնել հայ գաղթականներին հատկապես նրանց հայրենիք վերադառնալու հարցում գաղթականների հետ տարվող աշխատանքի համար ընտրվել է գործադիր մարմին:

Վ. Մելիքյան 

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am